Logo

Պրեմիեր լիգան հասավ իր ապոգեյին․ Չեմպիոնական տուրին ընդառաջ

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
10:10 / 17.05.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնը հայտնի կդառնա վերջին տուրում։ Առաջին տեղ բարձրացած «Մանչեսթեր Սիթին» տնային հանդիպում կանցկացնի «Վեսթ Հեմի» հետ, իսկ երկրորդ տեղում գտնվող «Արսենալը» կընդունի «Էվերթոնին»։ Առաջատարներին բաժանում է 2 միավոր։

VNews-ը ներկայացնում է երկու հանդիպումների անոնսը։

Պրեմիեր լիգան հասավ իր ապոգեյին: Մրցաշրջանը հաճելի լարվածության մեջ պահեց երկրպագուներին: Ուշադրության կենտրոնում կրկին նույն դերակատարներն էին, իրավիճակն էլ ավելի թեժ էր:

ԱՊԼ-ի առաջատարն այս ընթացքում փոխվեց մի քանի անգամ: Մրցավազքի ժամանակ թիմերը մի քանի անգամ գնացին պիտ-ստոպի: Եզրագծին մոտ մերսիսայդյան բոլիդը չդիմացավ, չդիմացավ նաև գլխավոր կոնստրուկտորը: Յուրգեն Կլոպը հայտարարեց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին: Անգլիական ֆուտբոլի մարզչական հիերարխիայում լուրջ ցնցումներ կառաջանան, իշխանության համար պայքարում մնացին ուսուցիչն ու աշակերտը: Հենց նրանք էլ ապահովեցին հիմնական ինտրիգը:

Առաջնության երկրորդ հատվածն «Արսենալը» ֆորսաժով անցավ, բայց չեմպիոնն այդ ընթացքում տաքացնում էր մկանները:

Ստացվել էր այնպես, որ «Զինագործների» ոխերիմ մրցակից համարվող «Տոտենհեմը» կարող էր խանգարել «Մանչեսթեր Սիթիին», իհարկե, ոչ գեղեցիկ աչքերի համար, սակայն հյուսիսլոնդոնցիները խնդիրը լուծել չկարողացան: Կողմերի միջև կարգերի տարբերությունն ակնհայտ էր, բայց Գվարդիոլայի թիմին խանգարում էր ավելորդ լարվածությունը:

«Արսենալը» եզրագծին մոտ ավելի է լարվել: Վերջին շրջանում Միկել Արտետայի լեգեոնը կամային որակների շնորհիվ հասնում է ցանկալի արդյունքի, բայց զգացվում է, որ այս օրգանիզմի էներգիան սպառվում է:

Վերջին տուրն ավելի գեղեցիկ, ավելի լարված և ավելի նյարդային չէր կարող լինել:

«Քաղաքաբնակներն» «Էթիհադում» ընդունելու են մրցաշարային ոչ մի նպատակ չհետապնդող «Վեսթ Հեմին»: Բոլորն էլ չեմպիոնի դեմ այլ կերպ են տրամադրվում, բայց «Սիթին», այն էլ տանը, այն էլ սեփական երկրպագուների աչքի առջև...

«Արսենալը» նախորդ 4 խաղում 11 գոլ է խփել: Լոնդոնցիների առջևի գիծը հրաշալի մարզավիճակում է՝ Տրոսար, Սակա, Հավերց: Միջին գծի մասին խոսելն էլ ավելորդ է:

Արտետան հնարավոր ամեն ինչ անում է Գվարդիոլայի ստվերից դուրս գալու և նրա գերիշխանությունից ազատվելու համար: Առաջին արշավանքը չստացվեց, երկրորդը նույնպես խոստումնալից է, բայց արքային գահընկեց անելու համար քաջությունն ու համարձակությունը բավական չէ: Մարտավարական տեսանկյունից «Զինագործների» մարզիչը նույնպես բարձր մակարդակի վրա է, բայց մարտադաշտերում կուտակած փորձը, ահա թե ինչն է վճռական պահին որոշիչ դառնում:

Մանչեսթերյան ակումբը պատմություն կերտելու ճանապարհին է: Չորրորդ անընդմեջ չեմպիոնությունը կայսերական իշխանություն կտա Մանչեսթերի կապույտ հատվածին

«Արսենալն» իր նպատակներն ունի: «Հավերժ չորրորդի» պիտակից հարկավոր է ազատվել, Արտետան էլ մարզչական էլիտայում տեղ գրավելու խնդիր ունի, հատկապես՝ Կլոպի հեռանալուց հետո:

Երկու թիմերի ճակատամարտը սկսվելու է միաժամանակ, բայց տարբեր ռազմադաշտերում:

Անգլիական թագի համար պայքարի վերջին էտյուդը նոր դարաշրջան է բացելու:

«Մանչեսթեր Սիթի» - «Վեսթ Հեմ» հանդիպումը կլինի Fast Sports-ի, իսկ «Արսենալ» - «Էվերթոն» մրցավեճը՝ Fast Sports 1-ի ուղիղ եթերում: Երկու խաղերն էլ կկայանան մայիսի 19-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 19։00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա