Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Երևանում կայացած ընկերական խաղում Ղազախստանի թիմի նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակը։
«Հանդիպումը բավական լավ սկսեցինք, ակտիվ անցկացրինք առաջին 25 րոպեն, այնուհետև մի փոքր զիջեցինք նախաձեռնությունը։ Որոշ դրվագներում նույնիսկ մեր բախտը բերեց։ Դաշտում լավագույնը թիմն էր։ Չեմ կարող որևէ մեկին առանձնացնել։ Ամբողջ թիմը հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր։
Ինչպես աջ, այնպես էլ ձախ լատերալի դիրքում ունենք ֆուտբոլիստներ։ Ես խոսել էի ինչպես Թիկնիզյանի, այնպես էլ Էդգար Գրիգորյանի հետ, որն այսօր խաղաց ձախից։ Մինչև այս չէի բարձրաձայնել, բայց այժմ կասեմ։ Թիկնիզյանը հանդիպման նախօրեին 38,5 աստիճան ջերմություն ուներ և տեղյակ չէր պահել ինձ ու մասնակցեց հանդիպմանը, ինչի համար շնորհակալ եմ նրան։
Շատ գոհ եմ այն մրցակիցներից, որոնց ուներ Հայաստանի հավաքականն այս ընկերական խաղերում։ Շատ օգտակար տեղեկություններ ստացա այդ խաղերից։ Տղաների նվիրումից շատ գոհ եմ։ Արդեն նշել եմ, որ Եվրոպայում թույլ մրցակիցներ չկան, ինչի ապացույցն է, որ Ջիբրալթարի հավաքականը ոչ-ոքի` 0-0 է խաղացել Ուելսի հետ։
Այս չորս ընկերական խաղերում հատկապես գոհ եմ թիմի հնաբնակներից` Կամո Հովհաննիսյանից, Վարազդատ Հարոյանից, Արտակ Դաշյանից, Օգնյեն Չանչարևիչից, որոնք խորհուրդներով ամեն կերպ օգնում էին երիտասարդներին։
Մայիսի 31-ին 25-ական րոպեով խաղային ռեժիմով մարզում էր անցկացրել թիմը և Էդուարդ Սպերցյանը փորձարկվել էր կեղծ «9» համարի դիրքում։ Բայց մարզումից հետո նա ինձ խնդրեց, որ չխաղա այդ դիրքում, քանի որ իրեն ավելի հարմար է խաղալ ավելի խորքից։ Այդ դիրքում փորձել ենք նաև Էդգար Սևիկյանին, որին ավելի հարմար է խաղալ աջ եզրում։ Այդ մարզումային հանդիպման առաջին խաղակեսում կեղծ «9» համարի դիրքում խաղացել էր Սևիկյանը, հետո Արթուր Միրանյանը։ Քանի որ հաճախ եմ հաշվի առնում ֆուտբոլիստների կարծիքները, նրանք նշել էին, որ այդ դիրքում նպատակահարմար է Միրանյանի խաղալը։ Միրանյանի փոփոխությունը կապված չի եղել խաղային գործոնով։ Նա ազդրի վնասվածք էր ստացել և չցանկացանք ռիսկի դիմել։
Նախախաղային մարզումից հետո որոշել էի, որ այսօր մեկնարկային րոպեներից դաշտ է դուրս գալու Վահան Բիչախչյանը, ինչից Էդգար Սևիկյանը մի փոքր նեղացել էր, բայց զրուցել եմ նրա հետ, բացատրել, որ սա ազգային հավաքական է, այստեղ հնարավոր են ռոտացիաներ և բոլոր ֆուտբոլիստներն էլ պետք է շանս ստանան։ Սևիկյանին խոստացել էի երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս բերել կեղծ «9» համարի դիրքում և այդպես էլ եղավ։ Ըստ իս` նրա խաղում կա առաջընթաց, բայց դեռ պետք է ավելացնի ֆիզիկական տվյալները, որովհետև նուրբ է, իսկ դա մենապայքարներում թերություն է։
Շատ էի ցանկանում հանդիպում անցկացնենք սեփական մարզադաշտում։ Առաջարկ ունեինք Եվրոպայի առաջնությանը պատրաստվող Իտալիայի հավաքականից, բայց հրաժարվեցի, քանի որ ցանկանում էինք խաղալ տանը։ Երկրպագուներից կարող եմ միայն շնորհակալություն հայտնել։ Առհասարակ, բոլոր հայերին շնորհակալ եմ` իմ հանդեպ վերաբերմունքի համար։ Ցանկացած իրավիճակում ինձ սատարում և աջակցում են։
Էդգար Գրիգորյանին նկատել էի դեռ Դուբայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ, երբ նրա դիրքում ակումբում խաղում էր Հակոբ Հակոբյանը։ Դեռ այդ ժամանակ էլ նա հիմնականում փոխարինման էր դուրս գալիս, սակայն ավելի ուժեղ էր այդ դիրքում։ Շատ գոհ եմ նրա որակներից։ Կարգապահ է և լավ տեխնիկա ունի։ Նրան հաջողություն եմ մաղթում»,- նշել է ուկրաինացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընդհատեց 9 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը: Ալեքսանդր Պետրակովի թիմը նախորդ հաղթանակը տարել էր շուրջ մեկ տարի՝ 2023 թվականի հունիսի 19-ին Եվրո-2024-ի ընտրական փուլում 2-1 հաշվով հաղթելով Լատվիայի հավաքականին:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայի 2024/25 խաղարկությունում և սեպտեմբերի 7-ին կընդունի Լատվիային։ C լիգայի չորրորդ խմբում ընդգրկված են նաև Հյուսիսային Մակեդոնիայի ու Ֆարերյան կղզիների հավաքականները։