Logo

PogBack, թե՞ PogOut. Ի՞նչ է կատարվում Պոլ Պոգբայի շուրջ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
14:26 / 12.09.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան դոպինգի դրական թեստ է հանձնել. նրա արյան մեջ նկատվել է տեստոստերոն տղամարդկային հորմոնի մակարդակի բարձրացում:

Ի՞նչ է եղել

Օգոստոսի 20-ին՝ Ա Սերիայի մեկնարկային տուրում «Ուդինեզեի» դեմ խաղին, Պոլ Պոգբան դոպինգ թեստ է հանձնել: Սեպտեմբերի 11-ին ANSA-ն հայտարարել է, որ ֆուտբոլիստի արյան մեջ նկատվել է տղամարդու հիմնական հորմոններից մեկի՝ տեստոստերոնի մակարդակի բարձրացում: Ի դեպ, Պոլն այդպես էլ չմասնակցեց այդ խաղին՝ մնալով պահեստայինների նստարանին:

Պոգբան երեք օր ունի՝ կրկնակի հետազոտության դիմելու համար: Եթե այդ դեպքում նույնպես հաստատվի տեստոստերոնի մակարդակի բարձրացումը ֆրանսիացու արյան մեջ, ապա Պոլը խնդիրներ կունենա Իտալիայի ազգային հակադոպինգային կոմիտեի հետ:

Ի՞նչ է սպառնում Պոգբային

Օրենքի համաձայն՝ արգելված խթանիչներ օգտագործելու համար Պոլ Պոգբային կարող է սպառնալ մինչև երկու տարի ժամկետով ֆուտբոլային գործունեության կասեցում: Եթե ապացուցվի, որ արգելված խթանիչներն օգտագործվել են միտումնավոր, ապա՝ որակազրկում 4 տարի ժամկետով: 

Ֆրանսիացին 30 տարեկան է ու կարիերայում անկում է ապրում: 4 տարի որակազրկվելու դեպքում հավանականությունը մեծ կլինի, որ նա այլևս չի վերադառնա խաղադաշտ:

Արդյոք ֆուտբոլիստների արյան մեջ տեստոստերոնի բարձր մակարդակը նորմա՞լ է

Ֆրանսիական L'Équipe պարբերականի հաղորդմամբ՝ 2015 թվականին 12 անկախ լաբորատորիաներ աշխարհի տարբեր կետերում ստուգել են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների արյան նմուշները: Հետազոտվել են 4 հազար նմուշներ, որոնք 2008-2013 թվականներին վերցվել են 900 ֆուտբոլիստներից: 68 խաղացողների արյան մեջ հայտնաբերվել է տեստոստերոնի մակարդակի բարձրացում:

Հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ դա կարող է տեղի ունենալ ինչպես բնական ճանապարհով, այնպես էլ հատուկ դեղամիջոցների օգտագործմամբ պայմանավորված:

Թե որքան է բարձրացել տեստոստերոնի մակարդակը Պոլ Պոգբայի արյան մեջ, դեռևս հայտնի չէ: Այնուամենայնիվ, հայտնի է, որ այս հորմոնի մակարդակը հնարավոր է բարձրացնել սպորտով զբաղվելու արդյունքում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա