«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է «Ռեալի»՝ Լա լիգայի մրցավարության հարցով պաշտոնական բողոքարկմանը՝ կապված «Էսպանյոլի» դեմ խաղի դրվագներից մեկի հետ, որտեղ, ըստ մադրիդյան ակումբի ղեկավարների, Կառլոս Ռոմերոն պիտի հեռացվեր Մբապեի դեմ պայքարում կանոնները կոպտորեն խախտելու համար:
«Սա նորություն չէ. նրանք 120 տարի է՝ նույն բանով են զբաղվում: Երբ պարտվում են, այլ բաների մասին են խոսում: Մրցավարները միշտ էլ այդպես են գործելու: Նրանք կա՛մ ճիշտ են լինելու, կա՛մ սխալ: Էական չէ՝ VAR կա՞, թե՞ ոչ. «Ռեալը» միշտ էլ մեդիայի միջոցով ճնշումներ է գործադրել:
Լա լիգայում շատ տաղանդավոր երիտասարդներ կան: «Բարսայի» դեպքում այդ խաղացողները «Լա Մասիայից» են, իսկ «Ռեալի» դեպքում նրանք գալիս են գումարի դիմաց», - Պիկեի խոսքն է մեջբերում Goal-ը:


