Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն կարմիր քարտ է ստացել Պամպլոնայի «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի խաղի ընդմիջմանը մրցավարի հետ վիճելու պատճառով:
Առաջին կեսից հետո 35-ամյա պաշտպանը, որը հյուրերի պահեստայինների թվում էր, մոտեցել է հանդիպման մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյին ու պարզաբանում պահանջել իր ակումբակից Ռոբերտ Լևանդովսկիի հեռացման վերաբերյալ: Լեհ հարձակվողը երկրորդ դեղին քարտն ստացել ու հեռացվել էր 31-րդ րոպեին:
«Դու ընդհանրապես տեսա՞ր, թե ում ես հեռացնում»,- ասել է Պիկեն։ Քիչ անց մրցավարն իսպանացուն կարմիր քարտ է ցույց տվել հանդերձարան տանող ճանապարհին, փոխանցում է MisterChip-ը:
Հիշեցնենք, որ Ժերար Պիկեն հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: