«Փյունիկը» պայմանագիր է կնքել նիդերլանդցի հարձակվող Սեմ Հենդրիկսի հետ: 28-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հենդրիկսը նիդերլանդական «Գրաֆսխապի» սան է, որի գլխավոր թիմում ելույթներից հետո տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս» ու հանդես եկել երիտասարդական թիմում: Ամստերդամյան երիտասարդական թիմի կազմում ֆուտբոլիստը 3 մրցաշրջան է անցկացրել երկրի երկրորդ լիգայում, որտեղ, ընդհանուր առմամբ, անցկացրած 176 խաղում իր անվան դիմաց գրանցել է 60 գոլ ու 19 գոլային փոխանցում։
Այնուհետև, Հենդրիկսը պայմանագիր է կնքել Նիդերլանդների քառակի չեմպիոն «Իգլսի» հետ։ Բարձրագույն լիգայում՝ Էրեդիվիզիում, հարձակվողն անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 8 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Գավաթի խաղարկություններում նա 8 խաղում աչքի է ընկել 6 գոլով ու 2 գոլային փոխանցմամբ։
Զուգահեռաբար, Սեմը հրավերներ է ստացել Նիդերլանդների տարբեր տարիքային հավաքականներից, իսկ երիտասարդական հավաքականում նորամուտը նշել է 20 տարեկանում։
Հենդրիկսը հանդես է եկել նաև Բելիգայում։ Նիդերլանդցու նախորդ ակումբը եղել է Կիպրոսի «Օլիմպիակոս Նիկոսիան», որի կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո «Փյունիկը» 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։