Fastex Պրեմիեր լիգայի հաղթող Երևանի «Փյունիկի» մարզական տնօրեն է նշանակվել ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Դենիս Կուլակովը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կուլակովը կարիերան սկսել է Դոնեցկի «Շախտյորում», հանդես է եկել նաև ուկրաինական «Իլիչևիցում», Պոլտավայի «Վորսկլայում», «Դնեպրում» և Խարկովի «Մետալիստում»: Նա «Շախտյորի» և «Վորսկլայի» հետ մեկական անգամ դարձել է երկրի գավաթակիր։
2015 թվականին ուկրաինացին տեղափոխվել է ռուսական «Ուրալ», որտեղ անցկացրել է 9 մրցաշրջան, եղել թիմի ավագն ու առաջատար խաղացողներից: Նա նաև հրավիրվել է Ուկրաինայի ազգային հավաքական, որտեղ առաջին անգամ խաղացել է 2010 թվականին:
Կուլակովը կղեկավարի «Փյունիկի» սպորտային բաժինը՝ մշակելով երկարաժամկետ ռազմավարություն և ստեղծելով արդյունավետ գործիքներ՝ հիմնական թիմի և ակադեմիայի զարգացման համար։ Մասնագետը կգործակցի հիմնական թիմի և ակադեմիայի մարզչական շտաբերի հետ՝ ապահովելու ակումբի համալիր զարգացումը:
Ֆոտո` «Փյունիկ»