Fastex Պրեմիեր լիգայի հաղթող Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել լիտվացի 24-ամյա կիսապաշտպան Մատաս Վարեյկայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը կարիերան սկսել է Լիտվայի ֆուտբոլի ազգային ակադեմիայում, հետո չորս մրցաշրջան պաշտպանել է Լիտվայի ամենատիտղոսակիր ակումբի՝ Վիլնյուսի «Ժալգիրիսի» գույները։
«Ժալգիրիսի» հետ նա դարձել Լիտվայի եռակի չեմպիոն (2020, 2021, 2022թթ․) և կրկնակի սուպերգավաթակիր (2020, 2023թթ.)։
Լիտվայի Ա լիգայում կիսապաշտպանն անցկացրել է 66 խաղ և խփել է 15 գոլ։
Վարեյկայի նախորդ ակումբը լիտվական «Հեգելմանն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում դարձել է երկրի փոխչեմպիոն։
Մատաս Վարեյկան խաղացել է նաև Լիտվայի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ 2024 թվականի մարտին նորամուտն է նշել ազգային հավաքականում։