Logo

«Փյունիկը» կրկնեց ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը, հոբելյանական խաղեր և գոլեր. Fastex ՀՊԼ-ի 24-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:18 / 19.03.2023Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության 24-րդ տուրում առաջատար քառյակի թիմերը հերթական հաղթանակները տոնեցին:

VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տարան 3 հաղթանակ, 2 խաղում պարտվեցին: Առաջնությունում անցկացված 120 հանդիպումներից 43-ում հաղթել են դաշտի տերերը, 52-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 25 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

24-րդ տուրն ամենաարդյունավետն էր առաջնության գարնանային հատվածում. 5 խաղում խփվեց 17 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,4 գոլ): Մինչև այդ գարնանային հատվածում առավել շատ գոլեր (16) խփվել էին 21-րդ տուրում: Իսկ ընթացիկ առաջնության ամենաարդյունավետ տուրը 5-րդն էր, որում գրանցվել էր 18 գոլ: Առաջնությունում անցկացված 120 հանդիպումներում խփվել է 286 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,38 գոլ):

2. «Փյունիկը» կրկնեց ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «Լեռնային Արցախի» դարպասը: Հիշեցնենք, որ 4-րդ տուրում «Ուրարտուին» էր հաջողվել 6-0 հաշվով հաղթել «Նոային»:

Նախկինում փյունիկցիները նման հաշվով արցախցիներին հաղթել էին 2001թ. մայիսի 23-ին: Այդ մրցաշրջանում թիմը կրում էր «Ղարաբաղ» անվանումը: Հայաստանի առաջնություններում ամենախոշոր հաշվով պարտությունն (0-7) արցախցիները կրել են «Արարատից» (1993թ.), «Շիրակից» (1997թ.) և «Զվարթնոցից» (2002թ.):

«Փյունիկը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Fastex ՀՊԼ-ի գործող չեմպիոնն առայժմ կրկնում է նախորդ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային 5 հանդիպումներում գրանցած իր արդյունքը:

3. «Արարատը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց, որը Fastex ՀՊԼ-ում 300-րդն էր անցկացրած 781 հանդիպումներում: «Արարատի» այդ ցուցանիշը Հայաստանի առաջնությունների հակառեկորդ է: Արարատցիներից հետո Fastex ՀՊԼ-ում առավել հաճախ՝ 259 անգամ պարտվել է «Շիրակն» անցկացրած 815 հանդիպումներում:

4. «Վանի» հետ մրցավեճում «Արարատ-Արմենիայի» անպարտելի 13 խաղերի շարքը կարող էր ընդհատվել, սակայն Ալեմաոյի դիպուկ իրացրած երկու 11մ հարվածների շնորհիվ Հայաստանի կրկնակի չեմպիոնը հաղթեց: Ի դեպ, ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» առաջին անգամ 11մ հարվածի իրավունք ստացավ:

5. «Շիրակի» դարպասն Ագդոն Մենեզեսի խփած գնդակը Fastex ՀՊԼ-ում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 400-րդ գոլն էր: Բարձրագույն խմբի առաջնություններում «Ալաշկերտը» գոլերի հաշիվը բացել է իր առաջին խաղում՝ «Ուլիսի» հետ 2013թ. օգոստոսի 3-ին կայացած 2013/14թթ. առաջնության մեկնարկային տուրում: Անդրանիկ գոլի հեղինակ է դարձել Արա Հովհաննիսյանը՝  78-րդ րոպեին գրավելով Տիգրան Դավթյանի պաշտպանած դարպասը:

Հետաքրքիր է, որ թիմի հոբելյանական բոլոր գոլերի հեղինակներն էլ լեգեոնականներն են: 2016թ. մարտի 2-ին «Գանձասարի» հետ խաղում 100-րդ գոլը խփել էր Հեբեր Արաուխոն: 200-րդ գոլի հեղինակը Սանի Օմորեգիենն էր, որը 2018թ. մարտի 4-ին գրավել էր «Արարատի» դարպասը: Իսկ 2020թ. հուլիսի 14-ին «Շիրակի» հետ խաղում Բրայան Սիլվա Գարսիան խփել էր «Ալաշկերտի» հոբելյանական՝ 300-րդ գոլը:

6. Ուրոշ Նենադովիչը գրավելով «Շիրակի» դարպասը, «Ալաշկերտի» կազմում պաշտոնական մրցումներում 23-րդ գոլը խփեց և դարձավ թիմի պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը: Սերբ հարձակվողը գերազանցեց Ալեքսանդր Գլիշիչի ռեկորդային ցուցանիշը, որն «Ալաշկերտում» պաշտոնական մրցումներում 22 գոլ էր խփել:

7. Յուսուֆ Օտուբանջոն Fastex ՀՊԼ-ում 36-րդ գոլը խփեց և շրջանցելով Արա Եվդոկիմովին, ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ լեգեոնականների հնգյակում՝ հավասարվելով «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքս Էնրիկե դա Սիլվային: Ընթացիկ առաջնության մասնակից լեգեոնականներից Օտուբանջոյին գերազանցում է միայն նրա թիմակից Ջոնել Դեսիրեն, որը Fastex ՀՊԼ-ում 43-րդ գոլը խփեց:

Փյունիկցի Արտակ Դաշյանն էլ Fastex ՀՊԼ-ում 40-րդ գոլի հոբելյանը նշեց:

8. Արտակ Եդիգարյանը ևս մեկ հոբելյան նշեց: «Շիրակի» հետ հանդիպումը դարձավ մարտի 18-ին ծննդյան 33-ամյակը նշած Արտակի 200-րդ պաշտոնական խաղն «Ալաշկերտի» կազմում: Եդիգարյանը դարձավ «Ալաշկերտում» պաշտոնական մրցումներում 200-րդ խաղի սահմանագիծը հատած 2-րդ ֆուտբոլիստը: Ռեկորդակիրն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանն է, որը թիմի կազմում մասնակցել է 254 խաղի:

9. «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանն էլ Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց: Նա «Շիրակի» հետ մրցավեճում «Ալաշկերտի» մարզաշապիկով 114-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ:

10. «Արարատ-Արմենիայի» 28-ամյա կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն Fastex ՀՊԼ-ում 169-րդ խաղն անցկացրեց և գերազանցեց «Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստ Նոա Կասուլեի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում խաղացած լեգեոնականներից բոլորից շատ՝ 150 հանդիպման էր մասնակցել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ