Logo

«Փյունիկն» անպարտելիության ցուցանիշով լավագույնն էր, Բուչնևն էլ գերազանցեց տարիքային ռեկորդները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 06.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Փյունիկ թիմ

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Փյունիկին»:

1. Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմն առաջնության աշնանային հատվածն ավարտեց 2-րդ հորիզոնականում՝ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 32 միավոր (+10=2-3, 24-15), ինչը հնարավոր միավորների 71,1 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ «Փյունիկը» զգալի առաջընթաց է գրանցել: Հիշեցնենք, որ 2020/21թթ. առաջնության մեկնարկային 15 հանդիպումներում «Փյունիկն» ընդամենը 12 միավոր էր վաստակել (+2=6-7, 7-12), ինչը հնարավոր միավորների 26,6 տոկոսն էր:

egish 960x960 - «Փյունիկն» անպարտելիության ցուցանիշով լավագույնն էր, Բուչնևն էլ գերազանցեց տարիքային ռեկորդները

2. «Փյունիկն» առաջնությունում անպարտելիության ռեկորդ սահմանեց՝ 12 խաղ անընդմեջ (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված հանդիպումը) չզիջելով ոչ մեկին, տոնելով 9 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Այդ ընթացքում փյունիկցիները 6 անընդմեջ հաղթանակ տոնեցին: Եվ միայն աշնանային հատվածի վերջին խաղում ընդհատվեցին փյունիկցիների գրանցած տպավորիչ շարքերը՝ 2-6 հաշվով զիջելով «Արարատին»:

Անցկացրած 15 հանդիպումներից միայն մեկում՝ «Արարատ-Արմենիայի» հետ 3-րդ տուրում կայացած խաղում փյունիկցիներին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Իսկ ահա սեփական դարպասը «Փյունիկը»  8 անգամ անառիկ է պահել:

«Փյունիկն» առաջնությունում խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեց՝ 4-0 հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին: Փյունիկցիները խոշոր հաշվով երկու պարտություն կրեցին՝ զիջելով «Արարատ-Արմենիային» (0-3) և «Արարատին» (2-6):

Հոկտեմբերի 27-ին «Նորավանքի» հետ մրցավեճում «Փյունիկը» միանգամից երկու հաճելի հոբելյան նշեց՝ տոնելով 450-րդ հաղթանակը VBET ՀՊԼ-ում անցկացրած 750-րդ խաղում:

p450 960x960 - «Փյունիկն» անպարտելիության ցուցանիշով լավագույնն էր, Բուչնևն էլ գերազանցեց տարիքային ռեկորդները

3. Սեփական հարկի տակ անցկացրած 7 հանդիպումներում «Փյունիկը» վաստակեց 11 միավոր (+3=2-2, 9-11), ինչը հնարավոր միավորների 52,3 տոկոսն է: Սեփական դաշտում փյունիկցիները պարտվել են «Արարատ-Արմենիային» (0-3) և «Արարատին» (2-6):

Հյուրընկալվելիս «Փյունիկը» շատ հաջող խաղաց՝ անցկացրած 8 հանդիպումներում իր օգտին 21 միավոր գրանցելով (+7=0-1, 15-4), ինչը հնարավոր միավորների 87,5 տոկոսն է:

4. «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 4 11մ հարված, որից իրացվել է 3-ը: «Փյունիկն» առաջնության միակ թիմն է, որը դեռ չի պատժվել 11մ հարվածով:

Փյունիկցիներից  3 անգամ 11մ հարված է կատարել Ուգո Ֆիրմինոն՝ խոցելով Գրիգորի Մաթևոսյանի («Նոա») և արարատցի Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասները: Իսկ ահա «Վանի» դարպասապահ Արման Մելիքսեթյանին թեև հաջողվել է գնդակը հետ մղել, սակայն երկրորդ հարվածով Ֆիրմինոն գրավել է նրա դարպասը:

11մ մեկ հարված էլ դիպուկ է իրացրել Էրիկ Վարդանյանը՝ հաղթող դուրս գալով ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչի հետ պայքարում:

erik 960x960 - «Փյունիկն» անպարտելիության ցուցանիշով լավագույնն էր, Բուչնևն էլ գերազանցեց տարիքային ռեկորդները

5. Արդյունավետությամբ «Փյունիկն» առաջնության 3-րդ թիմն էր՝ զիջելով «Արարատ-Արմենիային» և «Արարատին»: Խփած 24 գոլերի հեղինակներ դարձան 8 փյունիկցիներ, որոնցից Ժունինյոն, Ուգո Ֆիրմինոն և Նիկիտա Բառանովը բացեցին գոլերի հաշիվը Հայաստանի առաջնություններում, իսկ Էդգար Մովսեսյանն առաջին գոլը խփեց «Փյունիկում»: Մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց «Նորավանքի» դարպասապահ Դուշան Չուբրակովիչը:

Առաջնության աշնանային հատվածում «Փյունիկում» ամենաարդյունավետը 6 գոլի հեղինակ դարձած Ուգո Ֆիրմինոն է: Նա ընդգրկվեց «Փյունիկի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում, ինչպես նաև ՀՀ առաջնություններում թիմի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում (32 տարեկան 354 օրական):

firmino 1 960x960 - «Փյունիկն» անպարտելիության ցուցանիշով լավագույնն էր, Բուչնևն էլ գերազանցեց տարիքային ռեկորդները

Պորտուգալացու արդյունքը ռեկորդային է 33 տարեկանում «Փյունիկում» հանդես եկած ֆուտբոլիստների մեջ: Ֆիրմինոն ցանկից դուրս մղեց Պողոս Գալստյանին, որն իր վերջին գոլը «Փյունիկում» խփել էր 31 տարեկան 300 օրականում:

6. Գևորգ Ղազարյանը գոլով նշեց վերադարձը հարազատ «Փյունիկ»՝ ԲԿՄԱ-ի հետ առաջնության մեկնարկային խաղում խփելով Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 50-րդ գնդակը: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած 52-րդ ֆուտբոլիստը: Առաջնությունում իր 2-րդ գոլը Ղազարյանը խփել է «Ուրարտուի» դարպասը 33 տարեկան 237 օրականում՝ ընդգրկվելով ՀՀ առաջնություններում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում, ցանկից դուրս մղելով  Արմեն Սանամյանին (31 տարեկան 120 օրական):

ՀՀ առաջնություններում իր վերջին գոլը Ղազարյանը խփել էր 10 տարի առաջ՝ 2011թ. մայիսի 15-ին գրավելով «Գանձասարի» դարպասը: Գոլերից 45-ը Գևորգը խփել է «Փյունիկում», մնացած 6 գոլերը նրա հաշվին են գրանցվել «Բանանցում» կարճ ժամանակով խաղալիս:

gevorg 960x960 - «Փյունիկն» անպարտելիության ցուցանիշով լավագույնն էր, Բուչնևն էլ գերազանցեց տարիքային ռեկորդները

Խոսե Կառաբալլոն 5 գոլով Հովհաննես Հարությունյանի հետ արդյունավետությամբ թիմում երկրորդն է: ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակը նա հասցրեց 8-ի և ընդգրկվեց «Փյունիկի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում: Թիմի կազմում ընդհանուր առմամբ անցկացրած 28 խաղով Կառաբալլոն ընդգրկվեց «Փյունիկի» ամենափորձառու լեգեոնականների տասնյակում:

7. Առաջնության աշնանային հատվածի ողջ ծանրաբեռնվածությունն իր ուսերին տարավ Ստանիսլավ Բուչնևը՝ 15 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը) պաշտպանելով «Փյունիկի»  դարպասը, բաց թողնելով 15 գոլ: 8 խաղում նա դարպասն անառիկ պահեց: 31-ամյա Բուչնևը  2021թ. օրացուցային տարում ՀՀ առաջնություններում ընդհանուր առմամբ դարպասը 13 անգամ անառիկ պահելով, գերազանցեց թիմի նախկին դարպասապահ Խավիեր Բորդադի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում 8 խաղում էր դարպասը «չոր» պահել:

Բուչնևին հաջողվեց 439 րոպե շարունակ դարպասն անառիկ պահել: Այդ ցուցանիշով 31-ամյա Բուչնևը գերազանցեց Նենադ Ռադաջայի տարիքային ռեկորդը, որը 433 րոպե անընդմեջ գոլ բաց չէր թողել:

buchnev 2 960x960 - «Փյունիկն» անպարտելիության ցուցանիշով լավագույնն էր, Բուչնևն էլ գերազանցեց տարիքային ռեկորդները

8. Միայն մեկ խաղում՝ «Վանի» հետ մրցավեճում, «Փյունիկի» դարպասը պաշտպանեց 12 տարվա ընդմիջումից հետո հարազատ կոլեկտիվ վերադարձած Գրիգոր Մելիքսեթյանը: Վերջին անգամ նա այդ պարտականությունը կատարել էր 2009թ. սեպտեմբերի 20-ին «Բանանցի» հետ անցկացրած խաղում, որում 86-րդ րոպեին նրա դարպասը գրավել էր Սամվել Մելքոնյանը:

Գրիգոր Մելիքսեթյանը դարձավ «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց 2-րդ դարպասապահը: «Վանի» հետ խաղում նա 35 տարեկան 93 օրական էր: «Փյունիկի» դարպասը պաշտպանած ամենատարեց դարպասապահը Սլավա Սուքիասյանն է, որը 2001թ. թիմի կազմում վերջին հանդիպումն անցկացրել է 36 տարեկան 88 օրականում: Գրիգոր Մելիքսեթյանն ընդգրկվեց «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Նա տասնյակից դուրս մղեց Համլետ Մխիթարյանին, որը «Փյունիկում» ելույթներն ավարտել էր 33 տարեկան 219 օրականում: Ցանկը գլխավորում է Խորեն Հովհաննիսյանը՝ 40 տարեկան 298 օրական:

Գրիգոր Մելիքսեթյանը Բարձրագույն խմբում 160 խաղ է անցկացրել՝ այդ ցուցանիշով եզրափակելով ՀՀ առաջնությունների ամենափորձառու դարպասապահների տասնյակը: Այդ հանդիպումներից 63-ում Մելիքսեթյանը դարպասն անառիկ է պահել:

gigz 960x960 - «Փյունիկն» անպարտելիության ցուցանիշով լավագույնն էր, Բուչնևն էլ գերազանցեց տարիքային ռեկորդները

9. Առաջնության աշնանային հատվածում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը 35-ամյա Գրիգոր Մելիքսեթյանն էր: Ամենաերիտասարդը 18-ամյա Լևոն Վարդանյանն էր, որը 2019թ. նոյեմբերի 25-ին «Երևանի» հետ խաղում Բարձրագույն խմբում նորամուտը նշել էր 16 տարեկան 23 օրականում:

Բարձրագույն խմբում «Փյունիկում» անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (126) ամենափորձառուն Գևորգ Ղազարյանն էր:

10. Առաջնության աշնանային հատվածի 16 հանդիպումներում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը) Եղիշե Մելիքյանը խաղադաշտ դուրս բերեց 27 ֆուտբոլիստների, որոնցից 15-ը լեգեոնականներ էին:

12 ֆուտբոլիստներ՝  Զորան Գայիչը, Հայկ Իշխանյանը, Էդգար Մովսեսյանը, Յուրի Գարեգինյանը, Ժունինյոն,  Ադնան Շեչերովիչը, Ուգո Ֆիրմինոն, Բրունո Նասիմենտոն, Կառլոս Տավարեսը, Արամ Քոչարյանը, Լազար Յովանովիչը և Նիկիտա Բառանովը նորամուտը նշեցին «Փյունիկում»:

pyu1 960x960 - «Փյունիկն» անպարտելիության ցուցանիշով լավագույնն էր, Բուչնևն էլ գերազանցեց տարիքային ռեկորդները

Առաջնության աշնանային հատվածի հանդիպումներում փյունիկցիները 36 անգամ զգուշացվել են, Բրունո Նասիմենտոն էլ հեռացվել է խաղադաշտից: Որքան էլ որ զարմանալի է, առավել հաճախ՝ 5 անգամ դեղին քարտի է արժանացել Ստանիսլավ Բուչնևը:

VNews.am-ը ներկայացնում է «Փյունիկի»  ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված  խաղը):

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զ (Հ)
1. Խոսե Կառաբալլո 16 5 1
2. Հովհաննես Հարությունյան 16 4 2
3.  Ժունինյո 16 1
4. Ստանիսլավ Բուչնև 15 – 15 5
5. Ադնան Շեչերովիչ 15 3
6. Ուգո Ֆիրմինո 14 6 3
7. Մագոմեդ Մուսալով 13 3
8. Էրիկ Վարդանյան 12 3 3
9. Անտոն Բրատկով 12 2
10. Սերոբ Գրիգորյան 11 2
11. Զորան Գայիչ 11 2
12. Յուրի Գարեգինյան 11 1
13. Բրունո Նասիմենտո 11 1 (1)
14. Էդգար Մովսեսյան 10 1 1
15. Նիկիտա Բառանով 9 1 2
16. Կառլոս Տավարես 9 1
17. Արման Հովհաննիսյան 9 2
18. Հիգոր Լեիտ 9
19. Խոսե Բալզա Լիսկանո 5
20. Լևոն Վարդանյան 5
21. Արամ Քոչարյան 5
22. Լազար Յովանովիիչ 5
23. Գևորգ Ղազարյան 4 2 1
24. Հայկ Իշխանյան 4
25. Վասպուրակ Մինասյան 2
26. Ռոմել Իբարա Հեռնանդես 2
27. Գրիգոր Մելիքսեթյան 1 1

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա