Երևանի «Փյունիկի» նախագահ և սեփականատեր Արթուր Սողոմոնյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ նշելով, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ չեմպիոնությունը նվիրում են մեկ ամիս առաջ կյանքից հեռացած ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանի հիշտակին:
««Փյունիկը»՝ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն: Մեզ համար սա միայն մարզական հաղթանակ չէ։ Սա հաղթանակ է խաղացողների, մարզչական շտաբի և ամբողջ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ոգու, բնավորության և կամքի համար։
Առանց նախապատրաստության նորմալ պայմանների և որակյալ խաղեր անցկացնելու հնարավորության, ծանր կորուստներով, մեզ հաջողվեց ապացուցել, որ մենք լավագույնն ենք և չենք կարող կոտրվել:
Իհարկե, «Փյունիկը» նման արդյունքի չէր հասնի առանց երկրպագուների և բոլոր նրանց, որոնք առանց երկնչելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունից, ամբողջ մրցաշրջանի ընթացքում աջակցում էին մեզ։
Շնորհակալություն, սա մեր ընդհանուր հաղթանակն է:
Չեմպիոնություն նվիրում ենք մեկ ամիս առաջ անժամանակ կյանքից հեռացած «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին։
Դավիթը հրաշալի մարդ էր, նա անցել է 44-օրյա պատերազմի միջով, որը, ցավոք, քայքայեց նրա առողջությունը, նա միշտ կապրի մեր սրտերում։
Մենք անհամբեր սպասում ենք ձեզ բոլորիդ հուլիսին կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղերին»,- գրել է Արթուր Սողոմոնյանը:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վերջին՝ 36-րդ տուրում, 1-0 հաշվով է հաղթել «Շիրակին»: Խաղի միակ գոլը 54-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
«Փյունիկը» 82 միավորով գրավել է առաջին տեղը, «Նոան» 80 միավորով երկրորդն է: «Փյունիկը» նախորդ անգամ չեմպիոնական տիտղոսը նվաճել էր 2021/2022 մրցաշրջանում:


