Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կազմում 18 հանդիպման մասնակցած նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: Նրա նախորդ ակումբը եղել է ղազախական «Կասպիյը»:
Ուդոն պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է բելգիական «Էյպեն» ակումբում: Կիսապաշտպանը կարիերայի մեծ մասն անցկացրել է Հայաստանում՝ պաշտպանելով «Արարատի», «Ուլիսի», «Շիրակի», «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» գույները: Նա խաղացել է նաև Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Ատիրաուում» և «Շախտյորում»:
«Ուրարտուն» պաշտոնապես հայտարարել է ռուս կիսապաշտպան Վլադիսլավ Պանտելեևի տեղափոխության մասին։
27-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում խաղացել է Մոսկվայի «Սպարտակում», Կազանի «Ռուբինում», «Խիմկի-Արսենալում» և Տուլայի «Արսենալում»: Ընթացիկ մրցաշրջանում Պանտելեևն «Արսենալի» կազմում մասնակցել է 6 հանդիպման: Նա ներկայացրել է նաև Ռուսաստանի Մ16, Մ18 և Մ21 հավաքականները։