Երևանի «Փյունիկի» ավագ Էդգար Մալաքյանը ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնության առաջին տուրի վերջին խաղում «Ալաշկերտի» նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով։
«Շնորհավորում եմ բոլորիս։ Սա առաջնության առաջին խաղն էր, շատ ուրախ ենք, որ հաղթեցինք ու լավ նոտայով ենք սկսում։
Խաղացանկը խիտ է, բայց պետք է հարմարվենք։ Մրցակիցը ուժեղ էր, արժանիորեն հաղթանակ տարանք։ Հույս ունենք, որ կշարունակենք հաղթական ընթացքը նաև օգոստոսի 3-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի խաղում»,- 32-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ այդ խաղում Էդգար Մալաքյանը գոլի հեղինակ էր դարձել 11-մետրանոց հարվածով։
Օգոստոսի 3-ին «Փյունիկն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպում կանցկացնի շվեդական «Կալմարի» հետ, որին առաջին խաղում հաղթել է 2-1 հաշվով։


