Թաիլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) պոկում վարժությունում զրո ստացավ և չգրանցեց երկամարտի արդյունք։ Հայ ծանրորդը ձախողեց բոլոր երեք մոտեցումները։ Նա չկարողացավ բարձրացնել 170, 171 ու 175 կգ։ Կարապետյանը հանդես եկավ B խմբում։
Աշխարհի գավաթի խաղարկությունն օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարն է։ Փարիզ-2024-ի ուղեգիր են նվաճում յուրաքանչյուր քաշային կարգում 10 լավագույն արդյունք գրանցած մարզիկները։ Անդրանիկ Կարապետյանի երկամարտի լավագույն արդյունքը եղել է 377 կգ։ Այժմ Կարապետյանն իր քաշային կարգում միայն 9-րդն է և A խմբի պայքարից հետո պարզ կդառնա` նվաճո՞ւմ է Օլիմպիական խաղերի ուղեգիր, թե` ոչ։ A խմբի պայքարը Երևանի ժամանակով մեկնարկելու է 17:00-ից։
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):


