Logo

«Ձախ եզրի Կաֆուն». Մարսելոն մեծ ֆուտբոլիստ էր մեծ բեմում

Հեղինակ
Արամ Սահակյան
14:20 / 07.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Երբ միացնում եք հեռուստացույցը ֆուտբոլ դիտելու համար, և ինչ որ մեկը գնդակի հետ վարվեցողության ու տեխնիկայի բացառիկ հմտություններ է ցուցադրում, ինչպես Մարսելոն, ձեր մտքին հաստատ գալիս են արևոտ Ռիո դե Ժանեյրոն, փողոցներում ֆուտբոլ խաղացող բոկոտն բրազիլացի երեխաներն ու բրազիլական ֆուտբոլի անվերջանալի հմայքը:  

21-րդ դարի լավագույն ձախ պաշտպաններից մեկն ավարտեց կարիերան: Մարսելոն մեր ժամանակների ամենավառ ֆուտբոլիստներից էր՝ ոչ մի կասկած չկա: Ոմանք նրան համարում են ավելի լավը, քան Ռոբերտո Կառլոսը, ոմանք էլ կարծում են, որ Մարսելոն առհասարակ բոլոր ժամանակների լավագույն եզրայիններից մեկն է:  

Մարսելոյի կարիերայի ավարտը լավ առիթ է վերհիշելու նրա անցած ճանապարհը, բացառիկ մտքերն ու պատմությունները, որոնք ընթերցելիս անմոռանալի էմոցիաներ ես ապրում:  

FastNews-ը մեր ժամանակների լավագույն եզրային պաշտպաններից Մարսելո Վիեյրա դա Սիլվա Ժունիորին ճանապարհում է մեծ ֆուտբոլից՝ բացահայտելով նրա կյանքի ու կարիերայի այն էջերը, որոնք գուցե անհայտ են մնացել երկրպագուներին մինչև այժմ:  

ՊԱՊԻԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ՈՐ ՓՈԽԵՑ ԱՄԵՆ ԻՆՉ

Մարսելոն ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում: Ինչպես գրեթե բոլոր բրազիլացի ֆուտբոլիստների, այնպես էլ նրա դեպքում կարելի է խոսել բարդ մանկությունից, աղքատությունից ու սակավ հնարավորություններից: Սակայն մենք բացահայտ բաների վրա ժամանակ չենք ծախսի:  

Մարսելոն մանկության տարիներին Ռիոյի փողոցներում ֆուտբոլ խաղալուց հետո՝ 9 տարեկանից սկսեց զբաղվել ֆուտզալով: Հենց այստեղից է գալիս նրա՝ գնդակը մշակելու յուրահատուկ ոճը: Մարսելոյի եզակի տեխնիկան ու բացառիկ ֆուտբոլային ունակությունների մեծ մասը զարգացել են հենց ֆուտզալ խաղալիս:  

Մինչև 13 տարեկանը նա զբաղվում է ֆուտզալով: Ընտանիքում առկա խնդիրներն ու ապագայի վերաբերյալ անորոշությունը ստիպում են Մարսելոյին մոռանալ ֆուտբոլիստ դառնալու մասին: Փոքրիկին այդ քայլից հետ է պահում իր պապիկը՝ բացատրելով, որ նա եզակի տաղանդով է օժտված ու պետք է շարունակի իր գործը:  

«ՖԼՈՒՄԻՆԵՆՍԵ», ԻՍԿ ՀԵՏՈ «ՌԵԱԼ»

Մարսելոյի պրոֆեսիոնալ կարիերայի ինչպես առաջին, այնպես էլ վերջին ակումբը «Ֆլումինենսեն» է: Նա նշել է նորամուտը 2005-ին: Մարսելոն Բրազիլիայում երկար չմնաց: Երկու մրցաշրջանում ցույց տալով իր որակները՝ տաղանդավոր բրազիլացին սկսեց հետաքրքրել եվրոպական թոփ ակումբներին: «Ֆլումինենսեի» գրասենյակներում 2007-ի հունվարին եկած հեռախոսազանգն ամենաազդեցիկներից էր համաշխարհային ֆուտբոլում. կանչում էր Մադրիդը... Դժվար թե այդ օրերին «Ռեալի» հետ բանակցողները հավատային, որ 16 տարի անց Մարսելոն Չեմպիոնների լիգան 5 անգամ հաղթելուց հետո վերադառնալու է Բրազիլիա ու իր կյանքի առաջին ակումբի հետ հաղթելու է նաև Լիբերտադորեսի գավաթը:  

Վերադառնանք 2007 թվական: «Ռեալը» փոխարինող էր փնտրում Ռոբերտո Կառլոսին: 19-ամյա Մարսելոյի վրա հույս դնելը, իհարկե, ռիսկային էր: Սակայն Մադրիդում վստահ էին, որ հենց նա կարող է դառնալ իր հայրենակցի ժառանգորդը խաղային այդ դիրքում: Ժամանակը ցույց էր տալու, որ «Ռեալում» չեն սխալվել:  

ՀԱՐՁԱԿՎՈ՞Ղ, ԹԵ՞ ՊԱՇՏՊԱՆ

Եզրային պաշտպանները, բացի բուն պաշտպանողական գործողություններից, միշտ էլ հարձակվելու, գրոհելու, մրցակցի պաշտպանությունը ճեղքելու առաջադրանքներ են ունեցել: Մարսելոն դրա վառ օրինակն է: «Ռեալում» սկզբնական շրջանում նրա խաղը պաշտպանությունում այնքան էր կաղում, որ Մանուել Պելեգրինին 2009/10 մրցաշրջանում նրան սկսեց օգտագործել ձախ վինգերի դիրքում, երբ Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք էր ստացել:  Սակայն Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո Մարսելոն վերջնականապես դարձավ ձախ պաշտպան, որի հիմնական առաջնահերթությունը ոչ թե պաշտպանվելն էր, այլ գրոհին միանալը, ասիստներ կատարելն ու երբեմն նաև գոլեր խփելը: Սակայն Մարսելոյի պաշտպանողական գործողությունները ևս պետք չէ թերագնահատել:  

«Մարսելոն ժամանակակից ձախ պաշտպան է: Նա ուղղակի ապշեցուցիչ է գրոհելիս և ունի լավ որակներ պաշտպանվելիս: Նա վարպետ է երկու գործերում էլ...»
Պաոլո Մալդինի

Մարսելոյին բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկի կոչումն են տվել այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են Ռոբերտո Կառլոսը, Կաֆուն ու նույնիսկ Դիեգո Մարադոնան: Տարիներ առաջ Կաֆուն ժպիտը դեմքին, բայց և մեծ ակնածանքով համեմատում էր իրեն ու Մարսելոյին.

«Ոչ թե նա է «ձախ եզրի Կաֆուն», այլ ես եմ «աջ եզրի Մարսելոն»: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»:  

ՄԱՐՍԵԼՈՅԻ ԴԵՐԸ «ՌԵԱԼԻ» ՆՎԱՃՈՒՄՆԵՐՈՒՄ

Մարսելոն «Ռեալի» գրեթե բոլոր մարզիչների ժամանակ կարևոր դեր է ունեցել: Երևի թե միակ բացառությունը 2013/14 մրցաշրջանն է, երբ Կառլո Անչելոտին ավելի շատ նախապատվությունը տալիս էր Ֆաբիու Կոենտրաուին: Վերջինը գուցե չէր գրոհում Մարսելոյի պես, սակայն այդ մրցաշրջանում գոնե ավելի լավ էր պաշտպանվում, քան Մարսելոն: Ի դեպ, Չեմպիոնների լիգայի՝ Լիսաբոնում կայացած եզրափակիչը Մարսելոն սկսեց պահեստային նստարանին, թեպետ հետո դաշտ դուրս եկավ, «վերջակետ-գոլ» խփեց, իսկ խաղից հետո պատմեց ամենաուշագրավ պատմություններից մեկը, որ երբևէ կարող եք լսել այսպիսի հանդիպումներից հետո.

«Բոլորն այդ խաղից հիշում են Ռամոսի գոլը, բայց իմ գլխում այլ բան կա: Խաղից հետո մեր հանդերձապահ Մանոլինն ինձ ուշագրավ բան պատմեց: Նա ասաց. «Մարսե՛լո, 92-րդ րոպեին՝ Ռամոսի գոլի ժամանակ, մենք հանդերձարանի թունելում էինք: «Աթլետիկոյի» հանդերձապահն այդ պահին դաշտ էր դուրս բերում ««Աթլետիկո»՝ չեմպիոններ» գրությամբ հատուկ շապիկները: Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք:  Մանոլինի աչքերից երջանկության արցունքներ էին գնում: Տիտղոսները գնում են թանգարան, իսկ հիշողությունները միշտ մնում են մեր սրտերում...»
Մարսելո

Մարսելոյի դերը շատ մեծ էր նաև Զինեդին Զիդանի գլխավորած «Ռեալում»: «Լոս Բլանկոսը» Զիզուի հետ շատ էր օգտագործում եզրերով խաղը: Դրանում Զիդանի թիմին շատ էին օգնում Դանի Կարվախալի ու Մարսելոյի հմտությունները: Բրազիլացու որակյալ փոխանցումները բազմաթիվ կարևոր գոլեր են բերել «Ռեալին» Զիդանի ժամանակաշրջանում:  

ՆՈՊԱՅԻ ԱՍՏԻՃԱՆ ԳԵՐԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԼ ԵԶՐԱՓԱԿԻՉԻՑ ԱՌԱՋ

Այդ եզրային փոխանցումներից ամենահայտնիներից մեկը գրանցվել է 2018-ին՝ Կիևում կայացած եզրափակիչում: Գարեթ Բեյլը բրազիլացու փոխանցումից հետո խփեց ֆուտբոլի պատմության մեջ ամենասենսացիոն գոլերից մեկը. ակրոբատիկ ցատկ, շրջադարձ հարված, մկրատ, խենթություն: Ապշած էին բոլորը, նույնիսկ Զիդանը:  

Սակայն այդ եզրափակիչն ամենաբարդն է եղել Մարսելոյի կարիերայում: Դրա մասին տարիներ անց խոսեց հենց բրազիլացին: Դժվար է հավատալ, բայց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում արդեն երեք անգամ խաղացած և երեք անգամ այդ տիտղոսը նվաճած ֆուտբոլիստը խաղի նախօրեին ու հենց խաղի օրը գերլարվածության «նոպա» է ունեցել ու շատ մոտ է եղել խաղը բաց թողնելուն:

«Ամեն ինչ սկսվեց նախորդ օրը: Ես ոչինչ չէի կարողանում ուտել, գիշերն էլ գրեթե չքնեցի: Երբ հանդերձարանից դաշտ տանող ճանապարհին էինք, դարձյալ նյարդային կծկումներ ունեցա: Մտածեցի Զիդանին ասել դրա մասին, իսկ հետո հասկացա, որ դաշտ դուրս գալուն պես ամեն ինչ կանցնի: Այդպես էլ եղավ...»
Մարսելո

ՄԱՐՍԵԼՈՅԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԽՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Ռեալը» երեք տարի անընդմեջ Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո տապալեց 2018/19 մրցաշրջանը: Խուլեն Լոպետեգին նշանակվելուց ամիսներ անց հեռացվեց պաշտոնից, հետո եկավ Սանտիագո Սոլարին: Արգենտինացուն էլ ամիսներ անց փոխարինեց Զինեդին Զիդանը: Զիզուն իր երկրորդ պաշտոնավարումը Մադրիդում սկսեց իր հեռանալու որոշումից մի քանի ամիս անց:  

Մարսելոն 2018/19 մրցաշրջանի անհաջողությունից հետո բոլորին վստահեցրեց, որ «Ռեալը» վերադառնալու է: Երկրպագուները մինչև հիմա հիշում են այդ խոսքերն ու ամեն հարմար առիթի մեջբերում.  

««Ռեալը» վերադառնալու է: Կարող եք ձեր տան պատից կախել «Ռեալի» տարբերանշանն ու ամեն գիշեր աղոթել, որ մենք այլևս չվերադառնանք, բայց, միևնույն է, մենք վերադառնալու ենք...»
Մարսելո 

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն գրեթե հենց այսպիսի բառերով 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ ահազանգում էր, որ Մարսելոն չի կարողանալու եզրափակիչում դիմակայել Մոհամեդ Սալահին.

«Մարսելոն պետք է Սալահի մեծ պաստառ կախի իր սենյակի պատից ու ամեն օր աղոթի, որ կարողանա փակել նրան եզրափակիչում...»  

Մարսելոն այնքան էր վիրավորվել Վալդանոյից, որ նրա խոսքերի հիման վրա կերտեց «Ռեալի» մասին վերջին շրջանում արված ամենագեղեցիկ մտքերից մեկը:  

21-ՐԴ ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԱԽ ՊԱՇՏՊԱ՞ՆԸ

Եթե հանում ենք այն ձախ պաշտպաններին, որոնք խաղացել են նաև 20-րդ դարում (Պաոլո Մալդինի, Ռոբերտո Կառլոս), ապա Մարսելոյի շանսերն այս դարում լավագույնը համարվելու համար կտրուկ մեծանում են: Եվ իսկապես, դժվար գտնել ձախ եզրում խաղացած պաշտպանի, որն իր թիմում այնքան մեծ հետք է թողել, որքան Մարսելոն: Նա «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկն է (25 տիտղոս):  

Մարսելոն եզրային պաշտպանի վերաբերյալ պատկերացումները փոխեց ամբողջությամբ: Նա հարձակվելիս իր թիմին տալիս էր հսկայական օգուտ, բայց նաև սոլիդ էր պաշտպանվելիս կարևոր պահերի ժամանակ:  

Մարսելոն անցկացրել է ֆանտաստիկ կարիերա և դասվում է բոլոր ժամանակների մեծագույն եզրային պաշտպանների շարքում:

Տեխնիկա, կախարդանք, նվաճումներ, պատմություններ. եթե այս որակները ֆուտբոլիստի կարիերայի վերջում նրա մասին խոսելիս կարելի է մեկտեղել մեկ նախադասության մեջ, ուրեմն՝ նրա թողած ժառանգությունը հսկայական է...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ