Logo

Փարիզյան հեռանկարներ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ Արթուր Ալեքսանյանի հերթական օլիմպիական ճանապարհը

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
11:12 / 13.09.2023Ըմբշամարտ
Բացառիկ
null

Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) տհաճ անակնկալի մասին խոսել ենք ավելի վաղ։ VNews-ի «Փարիզյան հեռանկարներ» շարքի հերթական անդրադարձը նվիրված է հունահռոմեական ոճի ըմբիշներին։ Հիշեցնենք, որ մինչև այժմ անկախ Հայաստանի երկու օլիմպիական չեմպիոնները ներկայացնում են հենց այս մարզաձևը։

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար ըմբիշները երեք հնարավորություն ունեն` 2023թ․ սեպտեմբերի 16-24-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք աշխարհի առաջնությունը, 2024-ի գարնանը կայանալիք Եվրոպայի ու համաշխարհային վարկանիշային մրցաշարերը: Եվ ահա, UWW-ն այդ մրցաշարերի անցկացնումը վստահել է, համապատասխանաբար, Բաքվին ու Ստամբուլին: Թուրքիայում մրցաշարերի մասնակցության հաջող փորձ հայ ըմբիշներն ունեն, իսկ ահա Բաքու մեկնելը հարցականի տակ է: Կա տեղեկություն, որ եթե հավաքականները Բաքու չմեկնեն, ապա հնարավորություն չեն ունենա Ստամբուլում պայքարելու օլիմպիական ուղեգրերի համար, սակայն բացառված չէ, որ UWW-ն բացառություն կանի հայ ըմբիշների համար: Բելգրադում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է օլիմպիական 5 ուղեգիր. բրոնզե մեդալի գոտեմարտերում պարտված ըմբիշները ևս մեկ գոտեմարտ են անցկացնելու: Բաքվում կայանալիք Եվրոպական վարկանիշային մրցաշարում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները, իսկ Ստամբուլում նման պատվի կարժանանան երեք լավագույները:

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Հայաստանում դուրս են մրցակցությունից, ու եթե նույնիսկ չկարողանան ուղեգիր նվաճել Բելգրադում, ապա հաջորդ տարի ի զորու են վարկանիշ ձեռք բերել նույնիսկ Բաքվում (եթե հայ ըմբիշները մեկնեն Ադրբեջան): Ալեքսանյանի մրցակիցները նույն ըմբիշներն են` իրանցի Յարին Սարավին, որը թեև պարտվեց գյումրեցի ըմբիշին Օլիմպիական խաղերի ու աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչներում, սակայն տարեցտարի ավելացնում է ու ավելի լուրջ սպառնալիք դառնում, բուլղարացի Կիրիլ Միլովը, ինչպես նաև Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանը: Վերջինս իսկական հանելուկ է այս քաշային կարգում: Բոլորը տեսել են նրա գեղեցիկ, ամպլիտուդային հնարքները տարբեր մրցաշարերում, պատանիների ու երիտասարդների մրցումներում, սակայն մեծահասակների աշխարհի առաջնությունում նա առաջին անգամ է ելույթ ունենալու, և ոչ ոք չգիտի Սարգսյանի իրական ներուժը:

Ամոյանը հաղթողի գլխավոր չորս հավակնորդներից է աշխարհի գործող չեմպիոն, ղրղզ Ակժոլ Մախմուդովի, փոխչեմպիոն, հունգարացի Զոլտան Լևայի և իրանցի Մոհամադալի Գերաեի հետ միասին: 

Եթե տհաճ անակնկալներ չլինեն, Ալեքսանյանն ու Ամոյանը պետք է ուղեգիրն ապահովեն հենց Բելգրադում: Մյուս քաշային կարգերում ավելի դժվար է լինելու, գործը կարող է հասնել մինչև վերջին վարկանիշային մրցաշար:

60 կգ քաշային կարգում 2020թ․ Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը չկարողացավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել, սակայն նրա հիմնական մրցակից Արմեն Մելիքյանը մի քանի մրցաշար բաց է թողել, ու Ղարիբյանն այս պահին լուրջ մրցակցություն չունի երկրում, եթե, իհարկե, երիտասարդների աշխարհի չեմպիոն Սուրեն Աղաջանյանը չկարողանա հաջորդ տարի լուրջ մրցակցություն ապահովել Գևորգի համար: Ղարիբյանը Եվրոպայի լավագույն ըմբիշներից է, և բարեհաճ վիճակահանության դեպքում կարող է պայքարել օլիմպիական ուղեգրի համար:

Սլավիկ Գալստյանն ունի 67 կգ քաշային կարգում բոլոր մրցակիցներին հաղթելու ներուժ, սակայն ամեն անգամ ինչ-որ բան չի բավականացնում` կամ փոքր սխալ, կամ սխալ մրցավարություն, ու Գալատյանի նյարդերը տեղի են տալիս: Եթե նա կարողանա պահպանել կենտրոնացվածությունն ամբողջ մրցաշարի ընթացքում, ապա միանշանակ կարող է պայքարել ուղեգրի համար, հակառակ դեպքում, պետք է հաջորդ տարի նախ Հայաստանում ապացուցի, որ արժանի է մեկնել վարկանիշային մրցումների, ապա նույնն անի Բաքվում կամ Ստամբուլում: Հայաստանում Գալստյանից բացի, կա առնվազն երեք ըմբիշ, որոնք կարող են պայքարել օլիմպիական ուղեգրի համար` Հայկ Մելիքյանը, Կարեն Ասլանյանն ու Սահակ Հովհաննիսյանը: Երկար տարիներ Գալստյանն ու Ասլանյանը մրցակցում էին իրար հետ հավաքականում խոշոր մրցաշարերի մեկնելու համար, սակայն այս տարի Բենուր Փաշայանի հուշամրցաշարում նրանց պայքարին խառնվեց երիտասարդ Մելիքյանը: Նա կիսաեզրափակիչում հաղթեց Ասլանյանին, եզրափակիչում էլ համառ պայքարում 6-7 հաշվով պարտվեց Գալստյանին: Իսկ Հովհաննիսյանը վերջերս փայլուն կերպով հաղթեց ԱՊՀ խաղերի ըմբշամարտի մրցաշարում։

Ամոյանը մեծ քայլ կատարեց, Գալստյանին վերջապես չխանգարեցին. Սոֆիայի մրցաշարի ամփոփումը

87 կգ քաշային կարգում աշխարհի առաջնությանը մասնակցելու է Գեղամ Թորգոմյանը, որը թեև արդեն փորձառու է, սակայն մեծահասակների ասպարեզում լուրջ արդյունքների չի հասել: Այս քաշային կարգում կա երիտասարդ Վիգեն Նազարյանը` երիտասարդների աշխարհի նախկին չեմպիոնն ու գործող փոխչեմպիոնը, որին, միգուցե, տեսնենք հաջորդ տարվա վարկանիշային մրցաշարերում:

Բենուր Փաշայանի հուշամրցաշարում բոլորին անակնկալ մատուցեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, որը, տարիներ անց վերադառնալով գորգ, փայլուն կերպով հաղթեց 82 կգ քաշային կարգում ու հայտարարեց, որ մտադիր է 87 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիր նվաճել, սակայն աշխարհի առաջնությանը 35-ամյա ըմբիշը հայտավորվել է ոչ օլիմպիական քաշային կարգում (82 կգ):

null

Գերծանր քաշային կարգում այս պահին Դավիթ Օվասափյանին այլընտրանք չկա: Օվասափյանը փորձում է քայլ առաջ կատարել, պայքարել մրցանակային տեղերի համար, սակայն առայժմ չի ստացվում: Միգուցե աշխարհի առաջնությունում բեկում լինի, և Դավիթը վերջապես կարողանա իր օգտին թեքել հավասար պայքարում ընթացող գոտեմարտերը՝ պայքարելով օլիմպիական ուղեգրի համար:

Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար

Փարիզյան հեռանկարներ. ՄՕԿ-ի և IBA-ի բարդ հարաբերություններն ու Հայաստանի ակնկալիքները

Փարիզյան հեռանկարներ. Հայկական մարմնամարզության ախորժակն արդեն բացվել է

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ