Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) միշտ էլ աչքի է ընկել թուրքական և ադրբեջանական ֆեդերացիաներին արված նվերներով, սակայն նման նվեր, ինչպիսին արեցին այս օլիմպիական շրջափուլում, հավանաբար, նույնիսկ հարևան պետություններում չէին ակնկալում:
VNews-ի «Փարիզյան հեռանկարներ» խորագրում անդրադառնում ենք ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի օլիմպիական հնարավորություններին։
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար ըմբիշները երեք հնարավորություն ունեն` 2023թ․ սեպտեմբերի 16-24-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք աշխարհի առաջնությունը, 2024-ի գարնանը կայանալիք Եվրոպայի ու համաշխարհային վարկանիշային մրցաշարերը: Եվ ահա, UWW-ն այդ մրցաշարերի անցկացնումը վստահել է, համապատասխանաբար, Բաքվին ու Ստամբուլին: Թուրքիայում մրցաշարերի մասնակցության հաջող փորձ հայ ըմբիշներն ունեն, իսկ ահա Բաքու մեկնելը հարցականի տակ է: Կա տեղեկություն, որ եթե հավաքականները Բաքու չմեկնեն, ապա հնարավորություն չեն ունենա Ստամբուլում պայքարելու օլիմպիական ուղեգրերի համար, սակայն բացառված չէ, որ UWW-ն բացառություն կանի հայ ըմբիշների համար: Բելգրադում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է օլիմպիական 5 ուղեգիր. բրոնզե մեդալի գոտեմարտերում պարտված ըմբիշները ևս մեկ գոտեմարտ են անցկացնելու: Բաքվում կայանալիք Եվրոպական վարկանիշային մրցաշարում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները, իսկ Ստամբուլում նման պատվի կարժանանան երեք լավագույները:
57 կգ քաշային Արսեն Հարությունյանին և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանին դժվար է իրարից առանձնացնել: Երկուսն էլ իրենց քաշային կարգերի առաջատարներից են, և լավագույն շանսերն ունեն օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը մասնակցում էր մեծ մրցաշարերի, երբ Հարությունյանը ելույթ էր ունենում 61 կգ քաշային կարգում, սակայն չկարողացավ ապացուցել մարզչական շտաբին, որ արժանի է մրցակցել օլիմպիական ուղեգրի համար:
Այժմ Հարությունյանը վերադարձել է 57 կգ քաշային կարգ և աշխարհի առաջնություն է մեկնում մեդալի ու ուղեգրի հետևից: Երկու ըմբիշներն էլ այս տարի հաղթեցին Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում, և մարզիչներին երկընտրանք չթողեցին: Արսեն Հարությունյանի հիմնական մրցակիցների թվում են ռուսաստանցի Զաուր Ուգուևը, ճապոնացի Ռեյ Հիգուչին, հնդիկ Ամանը, ամերիկացի Զեյն Ռիչարդսը, աշխարհի գործող չեմպիոն Զելիմխան Աբակարովը, որը ներկայացնում է Ալբանիան:
Զուգահեռ քայլերով. Վազգեն Թևանյանի ու Արսեն Հարությունյանի վերելքը շարունակվում է
Վազգեն Թևանյանի քաշային կարգում մրցակցությունը պակաս չէ` գործող չեմպիոն իրանցի Ռահման Ամուզադը, օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Տակուտո Օտոգուրոն, փոխչեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևը, Հունգարիան ներկայացնող Իսմայել Մուսուկաևը, մոնղոլ Տոլգա Տումուր-Օչիրը, Նիկոլաս Լին ԱՄՆ-ից և Շամիլ Մամեդովը Ռուսաստանից:
Ընդհանրապես, Ռուսաստանի ըմբիշների մասնակցությունն այս առաջնությանը շատ խաղաքարտեր կարող է խառնել: Հասկանալի է, որ ազատ ոճում ռուսաստանցիները գլխավոր հավակնորդներից են բոլոր քաշային կարգերում, և ոչ մի ըմբիշ չի ցանկանա հանդիպել նրանց, հատկապես` նախնական գոտեմարտերում: Մյուս կողմից, նրանց մասնակցությունն Օլիմպիական խաղերին վերջնական հաստատված չէ, այնպես որ, կարող են անակնկալներ լինել, եթե, օրինակ, օլիմպիական ուղեգիր նվաճած ռուսաստանցի ըմբիշին թույլ չտան մասնակցել Փարիզի խաղերին:
Ամեն դեպքում, Հարությունյանի և Թևանյանի համար լավ կլինի ուղեգիրը նվաճել Բելգրադում, որպեսզի 2024-ին հանգիստ պատրաստվեն Օլիմպիական խաղերին: Այդ խնդիրը, որքան էլ որ բարդ է, սակայն միանշանակ լուծելի է ազատ ոճի Հայաստանի հավաքականի առաջատարների համար:
Մյուս քաշային կարգերում ուղեգիր նվաճելու հավանականությունը մեծ չէ, թեև լավ ու հեռանկարային ըմբիշներ կան հավաքականում: Աշխարհի առաջնությանը մեկնում են արդեն բավականին փորձառու Հրայր Ալիխանյանն (74 կգ) ու երիտասարդ Սերգեյ Սարգսյանը (97 կգ): Սակայն այդ քաշային կարգերում խելահեղ մրցակցություն է: 74 կգ քաշային կարգում առնվազն 10 ըմբիշ հավակնում է ուղեգրի, ընդ որում, մեծ մասը Եվրոպայի ներկայացուցիչներ են: Բարեհաճ վիճակահանության դեպքում, միգուցե, Ալիխանյանը կարողանա պայքարի մեջ մտնել ուղեգրի համար: Սարգսյանի համար ավելի բարդ կլինի, 97 կգ քաշային կարգում փորձի պակասը կարող է վճռական նշանակություն ունենալ:
86 և 125 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չունի աշխարհի առաջնությունում: Այս քաշային կարգերում կան երիտասարդներ Մուշեղ Մկրտչյանն ու Լյովա Գևորգյանը, որոնք, սակայն, դեռ պատրաստ չեն մեծահասակների մրցումներին: Եթե նրանք կարողանան ավելացնել, միգուցե հաջորդ տարի մեկնեն վարկանիշային մրցումների:
Գյումրեցի Լյովա Գևորգյանը պատանիների ու երիտասարդների մրցումներում հաղթել էր գրեթե ամեն ինչ, սպասվում էր, որ այս տարի նա արդեն նորամուտը կնշի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում՝ հատկապես, որ ունի ներուժ ապագայում դառնալու քաշային կարգի լավագույններից մեկը: Սակայն 2022-ին երիտասարդների աշխարհի առաջնությունում վրացի ըմբիշի հետ գոտեմարտում նա ծանր վնասվածք ստացավ ու բաց թողեց գրեթե մեկ տարի: Գևորգյանն արդեն վերադարձել է շարք, մասնակցում է մրցումների, սակայն հեռու է իր լավագույն մարզավիճակից: Եթե նա կարողանա վերադարձնել լավագույն մարզավիճակը, ապա լուրջ հավակնորդ կարող է լինել 2028թ. Օլիմպիական խաղեր մեկնելու համար:
Փարիզյան հեռանկարներ. ՄՕԿ-ի և IBA-ի բարդ հարաբերություններն ու Հայաստանի ակնկալիքները
Փարիզյան հեռանկարներ. Հայկական մարմնամարզության ախորժակն արդեն բացվել է
Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար