Հայտնի է Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանի ու Արթուր Դավթյանի ելույթների ժամանակացույցը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության օղակների և հենացատկի վարժությունների եզրափակիչում:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 4-ին՝ ժամը 17:00-ին, իսկ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը՝ նույն օրը՝ ժամը 18:25-ին:
Հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանն էլ մրցավարական կազմում կսպասարկի Օլիմպիական խաղերն արդեն չորրորդ անգամ:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանն իրենց վարժություններում զբաղեցրել էին 7-րդ տեղը:
Փարիզ-2024-ում Հայաստանն օգոստոսի 2-ին ունի մեկ ներկայացուցիչ։ Ռինգ դուրս կգա բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը` 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ), որը կանցկացնի երկրորդ մենամարտը։


