«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դարձավ օլիմպիական չեմպիոն։
Փարիզ-2024-ի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում սերբ թենիսիստը 7-6(3), 7-6(2) հաշվով հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։ Մրցախաղը տևեց 2 ժամ 52 րոպե:
37-ամյա Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ նվաճեց օլիմպիական ոսկե մեդալ։ Լեգենդար թենիսիստը 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերում դարձել էր բրոնզե մեդալակիր։ Ջոկովիչը պատմության մեջ 5-րդ թենիսիստն է, որը հաղթել է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում և դարձել օլիմպիական չեմպիոն։ Նախկինում նման հաջողության հասել էին նաև Ռաֆայել Նադալը (Իսպանիա), Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ), Շտեֆի Գրաֆը (Գերմանիա) և ԱՄՆ-ը ներկայացնող հայ թենիսիստ Անդրե Աղասին։
Հիշեցնենք, որ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի բրոնզե մեդալը նվաճել էր իտալացի Լորենցո Մուզետին (16-րդ ռակետ), որը երրորդ տեղի խաղում 6-4, 1-6, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։


