Ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ևս երկու ոսկե մեդալ է նվաճել։
22-ամյա մարզիկը 1:52:21 րոպե արդյունքով հաղթել է նախ բաթերֆլայ ոճի 200 մետր մրցատարածությունում և սահմանել օլիմպիական ռեկորդ։ Նա առաջ է անցել մրցաձևում գործող օլիմպիական չեմպիոն Կրիշտոֆ Միլակից։ Հենց հունգարացի լողորդին էր պատկանում նախորդ օլիմպիական ռեկորդը, որը գրանցվել էր Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում` 1:52:25 րոպե։ Բրոնզե մեդալը նվաճել է կանադացի Իլյա Հարուն։
Այնուհետև Մարշանը հաղթել է նաև բրասի 200 մետրում ու դարձել եռակի օլիմպիական չեմպիոն։ Ֆրանսիացի լողորդը 2:05:85 րոպե արդյունքով կրկին օլիմպիական ռեկորդ է գրանցել։ Նա իր հետևում է թողել մրցաձևի գործող օլիմպիական չեմպիոնին` ավստրալացի Զաք Սթաբլեթի-Քուքին։ Վերջինս բավարարվել է արծաթե մեդալով։ Բրոնզե մեդալակիր է դարձել Նիդերլանդները ներկայացնող Կասպար Կորբոն։
Հիշեցնենք, որ Մարշանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հաղթել էր նաև համալիր լողի 400 մետր մրցատարածությունում և 4:02:95 րոպե արդյունքով գերազանցել լեգենդար լողորդ Մայքլ Ֆելպսի օլիմպիական ռեկորդը։


