Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի Կոսովոյի (մարտի 22) և Չեխիայի (մարտի 26) հավաքականնների դեմ:
Միակ ֆուտբոլիստը, որ առաջին անգամ է հրավիրվել հավաքական, «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանն է: Վերջին պահին այդ պատվին է արժանացել նաև «Վանի» 19-ամյա կիսապաշտպան Էդգար Փիլոյանը: Ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանն ավելի վաղ խաղացել է ազգային թիմում, սակայն առաջին անգամ է հրավիրվել Ալեքսանդր Պետրակովի կողմից:
Ամենամեծ քննարկումն առաջացրել է լավ մարզավիճակում գտնվող 3 ֆուտբոլիստների՝ Խորեն Բայրամյանի, Տիգրան Բարսեղյանի ու Սարգիս Ադամյանի բացակայությունը: Պետրակովը դեռևս նոյեմբերին շատ հստակ էր ընդգծել, որ Բարսեղյանի և Բայրամյանի դեպքում խնդիրը կարգապահական է, ուստի այս պարագայում մարզավիճակի հարցը մղվում է երկրորդ պլան: Հատկապես «Սլովանի» ֆուտբոլիստի թեմային մանրամասն անդրադարձել ենք: Ուկրաինացի մասնագետն Ադամյանի մասին նշել է, որ պարզապես նախընտրել է նրան փոխարեն այլ հարձակվողների հրավիրել: Մեկ շաբաթ առաջ ընդգծել էինք Ադամյանի խաղում և «Քյոլնում» կատարված փոփոխությունների մասին, հարձակվողն օրերս կրկին հաստատեց հիանալի մարզավիճակ ունենալու հանգամանքը՝ գրավելով «Լայպցիգի» դարպասը:

Անցում կատարենք առանձին խաղային օղակների ու հասկանանք՝ ինչ վիճակ է այնտեղ: Բաց ենք թողնում միայն դարպասապահական թեման, որտեղ որևէ նորություն չկա․ կրկին հրավիրվել են Օգնյեն Չանչարևիչը, Ստանիսլավ Բուչնևն ու Արսեն Բեգլարյանը:
Խնդիրներ թե՛ եզրերում, թե՛ կենտրոնում
Պաշտպանական գիծը մնում է Հայաստանի հավաքականի համեմատաբար թույլ օղակներից մեկը, որտեղ ռեսուրսի խիստ պակաս կա: Դա վերաբերում է հատկապես կենտրոնական պաշտպանների հարցին, ինչին բազմիցս անդրադարձել է նաև Պետրակովը: Վերջինս նշում է, որ ուժեղ կենտրոնական պաշտպանների պակասն է իրեն ստիպում ընտրել նոմինալ 5 պաշտպանով սխեմա, ուստի առաջիկա ընկերական հանդիպումներում նոր դասավորություն դժվար թե լինի: Այս գոտին մարզչի, միգուցե, գլխավոր խնդիրն է, թեև նոյեմբերին պաշտպանները հիանալի ելույթ ունեցան: Ի դեպ, հավաքականն ընտրական փուլերի պատմության մեջ առաջին անգամ ոչ մի խաղում 2-ից ավելի գոլ բաց չթողեց:
Այս անգամ չի հրավիրվել «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը: Վարազդատ Հարոյանն առաջին անգամ է հավաքականում որպես չինական «Ցինդաո Ուեստ Քոսթ» ակումբի ֆուտբոլիստ: Գեորգի Հարությունյանը, չնայած «Կրասնոդարում» խաղային պրակտիկա գրեթե չունենալուն, մնում է առանցքային խաղացող հավաքականի համար: Իր թիմում՝ խորվաթական «Օսիյեկում», խաղաժամանակ չի ստանում նաև Ստյոպա Մկրտչյանը, որին Պետրակովը շատ է վստահում ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում: Ուրախալի է, որ շվեդական «Բրոմապոյկարնայում» կանոնավոր հանդես է գալիս Անդրե Կալիզիրը, որը գերազանց տպավորություն թողեց նոյեմբերյան հանդիպումներում: Հետաքրքիր է, որ նա իր թիմում վերջին շրջանում հաճախ խաղում է նաև որպես հենակետային կիսապաշտպան, թեպետ հավաքականում նման փորձառություն չի ունեցել:

«Նոայի» 19-ամյա կենտրոնական պաշտպան Սերգեյ Մուրադյանը Պետրակովի օրոք էլի եղել է հավաքականում, սակայն խաղերի մասնակցել է երիտասարդականում: Շատ հավանական է, որ նա առաջիկայում կստանա իր շանսը: «Զենիթի» նախկին պաշտպանն իր թիմում անհասկանալի պատճառներով չէր խաղում, սակայն հիմա լավ մարզավիճակում է: Նա խելացի պաշտպան է ու նաև լավ է սկսում թիմի գրոհները: Աջ կենտրոնականի դիրքին հավակնում է նաև «Ուրարտուից» Էրիկ Փիլոյանը: Դմիտրի Գունկոն չթաքցրեց, որ դժգոհ էր մնացել տարվա սկզբում նրա ելույթներից, սակայն 23-ամյա խաղացողը հավաքականին միանալուց առաջ 2 լավ հանդիպում անցկացրեց: Ի դեպ, Փիլոյանը Խորվաթիայի դեմ վերջին մրցավեճի վերջնամասում խաղաց որպես հենակետային կիսապաշտպան:
Եզրերում վնասվածքների պատճառով կբացակայեն Նաիր Թիկնիզյանը, Արտակ Դաշյանն ու Հովհաննես Համբարձումյանը: Ձախ եզրում խաղալուն հավակնում է «Ուրարտուի» առաջատարներից Ժիրայր Մարգարյանը, որի համար շանս է ստեղծվել իրեն դրսևորելու: Էդգար Գրիգորյանն էլ կայուն խաղաժամանակ է ստանում «Արարատ-Արմենիայում», արագ է, լավ է պաշտպանվում 1-ը 1-ի դեմ իրավիճակներում ու կարող է օգնել նաև հարձակմանը:

Տեսականորեն ձախ եզրը կարող է փակել նաև Կամո Հովհաննիսյանը, սակայն դա քիչ հավանական է: «Արարատ-Արմենիայի» նորեկին ավելի շատ կարելի է աջ եզրում սպասել, այդ դիրքի համար պայքարում է նաև «Փյունիկից» վերջին պահին հրավիրված Դավիդ Դավիդյանը: Հովհաննիսյանն «Արարատ-Արմենիայում» վերջին 2 խաղերն անցկացրել է ձախ և աջ կիսապաշտպանի դիրքերում: Նա Պետրակովի օրոք քիչ է խաղացել, բայց այս անգամ, հավանաբար, շանս կստանա: Դավիդյանը տարին այդքան էլ լավ չի սկսել, ու դժվար է ասելը, թե լավ մարզավիճակում է: Անցյալ տարում եղել են հատվածներ, երբ նա անհամեմատ ավելի լավ ելույթներ է ունեցել, սակայն հավաքական չի հրավիրվել:
Կենտրոնում՝ ընդամենը 3 ֆուտբոլիստ
Ուգոչուկվու Իվուն «Ռուբինում» այս տարի 2 խաղերից 1-ին էր մասնակցել ու լիարժեք պատրաստ չլինելու պատճառով արդեն լքել է հավաքականի ճամբարը: Նա շատ կարևոր է ազգային թիմի համար, ինչպեսև «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանը: Վերջինս ազգային թիմում մոտ ժամանակներս դժվար թե սկսի ավելի առջևից հանդես գալ: Մյուս կենտրոնական կիսապաշտպանը Հովհաննես Հարությունյանն է: Նա «Սոչիում» անհասկանալի պատճառներով կարճ մնաց, բայց «Փյունիկ» վերադարձից հետո հրաշալի ելույթներ է ունենում՝ վստահ խաղ, նաև 2 գոլ ու 3 գոլային փոխանցում: Հարությունյանը նոյեմբերին բավականաչափ խաղաժամանակ ստացավ հավաքականում, սակայն ոչ միանշանակ տպավորություն թողեց: Նա հիմա պետք է ապացուցի, որ կարող է հավաքականի մակարդակով էլ որակյալ ֆուտբոլ ցուցադրել:

Կենտրոնում Սպերցյան-Հարությունյան զույգը գերհարձակողական կարելի է համարել, մինչդեռ Իվուի ներկայությունը դաշտի սրտում միշտ հավասարակշռություն և կայունություն է ապահովում: Այդ դիրքի համար ուժեղ համալրում կլիներ «Զենիթից» Ալեքսանդր Կովալենկոն, բայց նա շարունակում է մնալ Ռուսաստանի հավաքականի խաղացող: Նրա ընտրության առումով շատ են «մութ» հարցերը, չի բացառվում, որ Կովալենկոյի վրա մեծ ճնշում է գործադրվում թե՛ ակումբի, թե՛ գործակալի կողմից: Խորեն Բայրամյանի բացակայության մասով էլ ամեն ինչ պարզ է: Ինչ վերաբերում է «Ալաշկերտի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոյին, ապա նա հիմա լավ մարզավիճակում չէ:
Էդգար Փիլոյանը, որը «Կրասնոդարի» 2-րդ թիմից է տեղափոխվել «Վան», լավ է հանդես գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայում: 19-ամյա կիսապաշտպանը նախապես երիտասարդական հավաքական էր հրավիրվել, բայց արդեն միացել է ազգայինին: Նա լավ է գնդակ պահում ճնշման պայմաններում, հաջող է խաղում նաև պաշտպանության ժամանակ: Պետրակովի տեսադաշտում է նաև երիտասարդականի մեկ այլ կիսապաշտպան՝ Տիգրան Ավանեսյանը: Նա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում գրեթե չի խաղում, սակայն պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է: Նոյեմբերին առաջին անգամ հավաքական էր հրավիրվել «Ուրարտուի» հենակետային Նարեկ Աղասարյանը, բայց վերջին պահին վնասվածք էր ստացել: Նա հիմա այն մարզավիճակում չէ, ինչ տարվա վերջում էր, սակայն կարելի էր առիթն օգտագործել ու նրան ևս փորձարկել: Աղասարյանն Իվուի պես «մոբիլ» չէ, բայց թե՛ գրոհների, թե՛ պաշտպանության տեսանկյունից ունի իր առավելությունները:

Ձախլիկները + ֆուտբոլիստներ աշխարհի տարբեր ծայրերից
Նույնիսկ Տիգրան Բարսեղյանի բացակայության դեպքում ձախլիկ ենթահարձակվողների պակաս չունենք: Վահան Բիչախչյանը նրանցից ամենակայուն խաղացող ֆուտբոլիստն է ու լեհական «Պոգոնի» առանցքային դերակատարներից մեկը: Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշում» Հունգարիայի առաջնությունում առայժմ միայն փոխարինման է մտնում: Արթուր Սերոբյանը, որը ձմռանը Պորտուգալիայից վերադարձավ «Արարատ-Արմենիա», լիարժեք պատրաստ չէ ու հիմնականում փոխարինման է մտնում: Նա հասցրել է արդեն 2 գոլ խփել: Խոակին Կապառոսի օրոք հավաքականում եղած Նարեկ Գրիգորյանը սկսել է վայելել «Ֆարուլի» գլխավոր մարզիչ Գեորգե Հաջիի վստահությունն ու լավ հնարավորություն ունի աչքի ընկնելու հավաքականում:
Աջ եզրում կամ կիսաեզրում խաղալուն հավակնում է նաև Նորբերտո Բալեկյանը: Նա «Բոկա Խունիորսում» 2024-ին ընդամենը 2 հանդիպման է մասնակցել, վերջինը՝ փետրվարի 10-ին: Շատերը շարունակում են Բալեկյանին սխալմամբ նշել որպես հարձակվող, թեև նա Արգենտինայում գրեթե մշտապես եզրային ֆուտբոլիստ է եղել: Պետրակովը նրան գնահատում է ոչ թե գոլերի, այլ կատարած մեծ աշխատանքի համար: Մեր հարձակման գծում ոչ ոք չունի մենապայքարներում հաղթելու այն ուժը, որին տիրապետում է Բալեկյանը: Դրանում համոզվեցինք Թուրքիայի դեմ տնային խաղում և Լատվիայի դեմ՝ արտագնա, երբ հենց Նորբերտոն մրցակցին ստիպեց 10 հոգով մնալ: Նա շատ ավելին կտար, եթե ստիպված չլիներ նման հեռավորություն կտրել հավաքական գալու համար:

Ձախ հատվածում ակնհայտ ընտրությունն «Ալ Ֆաթեհից» Լուկաս Սելարայանն է՝ հավաքականի վերջին շրջափուլի, միգուցե, ամենակայուն ֆուտբոլիստը: Միանգամից թեմային միացնենք նաև հարձակվողներին՝ Հրանտ-Լեոն Ռանոսին ու Արթուր Միրանյանին: Երկուսն էլ, հարձակման կենտրոնից բացի, կարող են խաղալ նաև ավելի խորքից: Ռանոսը նման մեծ փորձ ունի «Բավարիայի» 2-րդ թիմում խաղալուց, Միրանյանն էլ հիմա «Նոայում» ավելի շատ հենց ենթահարձակվողի դիրքում է գործում, թեև դա նրան չի խանգարում լինել առաջնության գլխավոր ռմբարկուն: Անկասկած, անհանգստացնում է Ռանոսի մարզավիճակի հարցը: Նա ձմռանը նախընտրեց վարձավճարով չգնալ այլ թիմ, սակայն մարզիչը, որի օրոք Մյոնխենգլադբախի «Բորուսիան» զգալի անկում ունի, բավարար շանս չի տալիս հայ խաղացողին:
Ձախ եզրում աջլիկների պակասը կարող էր լրացնել Ժիրայր Շաղոյանը: Պետրակովը նոյեմբերին նրան հավաքական հրավիրեց այն ժամանակ, երբ վերջինս ընդհանրապես չէր խաղում Բուլղարիայում: Հիմա Շաղոյանը կայուն պրակտիկա ունի «Արարատ-Արմենիայում» և վատ հանդես չի գալիս:
Հաճախ հավաքականի ամենաուժեղ կողմը հարձակման գիծն ենք համարում, սակայն այն ոչ միշտ է արդարացնում սպասելիքները: Հավաքականի հարձակման գծից 2024-ին գոնե 1 գոլ խփել են ընդամենը երկուսը՝ Միրանյանն ու Սերոբյանը, երկուսն էլ՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում: Պետրակովը մի առիթով նշեց, որ հավաքականում մրցակցությունը մեծացել է, հարկավոր է թիմերում արդյունավետ խաղալ՝ հրավեր ստանալու համար: Հիմա հակառակ պատկերն է՝ գոլեր խփողները (Բարսեղյան, Ադամյան) հավաքականում չեն, բայց հասկանալի է, որ մարզիչն իրականում այլ գործոններ ևս դիտարկում է:
Ընկերական հանդիպումների ժամանակ շատերը հաճախ մեծ թվով նորեկների են սպասում: Մեր հավաքականի դեպքում դա անիրատեսական է: Մյուս կողմից, ընկերական խաղերը միայն նորեկների տեսնելու համար չէ: Դրանք նաև միշտ հրավիրվողների խաղային կապերն ամրացնելու համար են: Լավ մրցակիցների դեմ առաջիկա մրցավեճերում առաջնայինը պետք է թիմի խաղը լինի, որովհետև արդյունքը կարող է խաբուսիկ լինել, ու դատարկ հույսեր տալ հետագայի համար, ինչպես 2021-ին եղավ Խորվաթիայի դեմ ոչ-ոքիից հետո: Իսկ Պետրակովը պետք է ձգտի հավաքականի կազմը մեծացնել, ոչ թե հակառակը, թեպետ նրա «սև ցուցակում» հայտնվածների թիվը կամաց-կամաց ավելանում է:


