Logo

Պետրակով. «Վերլուծել ենք Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի խաղը, պատրաստ ենք հանդիպմանը»

21:20 / 09.09.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի արտագնա հանդիպումից առաջ Սկոպյեում նախախաղային ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին:

22 խաղում անընդմեջ գոլ բաց թողնելու մասին

«Դժգոհ եմ, որ հավաքականն ամեն խաղում գոլ է բաց թողնում: Ղազախստանի դեմ ընկերական խաղի վերջնամասում ժամին էի նայում, հույս ունեի, որ գոլ բաց չենք թողնի, բայց կրկին չստացվեց դարպասն անառիկ պահել»:

Նաիր Թիկնիզյանի ֆիզիկական վիճակի և ավագ Վարազդատ Հարոյանի մասին, որը 85-րդ խաղը կանցկացնի հավաքականում

«Թիկնիզյանի հետ ամեն ինչ կարգին է, պատրաստ է վաղվա խաղին: Հարոյանի վերաբերյալ կասեմ, որ շատ ուրախ եմ հավաքականում նրա նման ֆուտբոլիստ ունենալու համար: Թիմում նրա կատարած աշխատանքը մեծ է, փորձառությամբ օգնում է երիտասարդներին: Նույնը կարող եմ ասել նաև Կամո Հովհաննիսյանի մասին, նա Հարոյանից մեկ խաղ է քիչ անցկացրել հավաքականում: Փորձառու ֆուտբոլիստների առկայությունը հավաքականում չափազանց կարևոր է»:

Վահան Բիչախչյանի, Արթուր Սերոբյանի և Ժիրայր Շաղոյանի մասին

«Բիչախչյանի համար շատ ուրախ եմ, որ լավ մարզավիճակում է: Հունիսին զրուցել եմ նրա հետ, ինչը դրական ազդեցություն է ունեցել:

Սերոբյանն ու Շաղոյանը լավ հանդես եկան Լատվիայի դեմ խաղում, դժգոհություններ չունեմ»:

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի և սպասվող հանդիպման մասին

«Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը բարձր որակներ ունեցող թիմ է: Վերլուծել ենք մրցակցի խաղը, դիտել ենք նրանց հանդիպումները: Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը»:

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենայում», կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կլինի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում մեկնարկել է սեպտեմբերի 7-ին և Երևանում 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լատվիայի նկատմամբ։ Հյուսիսմակեդոնացիներն առաջին տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշվով էին ավարտել Ֆարերյան կղզիների դեմ խաղը:

Անդրե Կալիզիր. «Երջանիկ ենք` առաջին տուրում հաղթել ենք, բայց յուրաքանչյուր խաղ առանձին պատմություն է»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ