Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում խոսել է Չեխիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման մասին, Պրահայից հայտնում է VNews-ի թղթակիցը:
«Ծանոթ եմ Չեխիայի հավաքականին, մի քանի անգամ խաղեր ունեցել եմ նրանց դեմ: Չեխերը նախընտրում են ուժային ֆուտբոլ: Շատ կարևոր է այսպիսի հավաքականների դեմ խաղալը, հատկապես՝ երիտասարդ ֆուտբոլիստների համար: Ցանկալի կլինի նաև վաղվա խաղում դրական արդյունք լինի, քանի որ ֆուտբոլում արդյունքը միշտ կարևոր է: Թիմի ֆիզիկական վիճակը լավ է: Մարզվել ենք երկու խմբերով, պատրաստ ենք վաղվա հանդիպմանը:
Չեմ կարող ասել՝ Տիգրան Ավանեսյանը վաղվա մրցավեճում խաղաժամանակ կստանա, թե՝ ոչ: Ավանեսյանի խաղին վաղուց եմ հետևում, նա մասնակցում էր հավաքականի մարզումային գործընթացին: Ավելի վաղ էի ցանկանում նրան տեսնել ազգային հավաքականում, բայց քանի որ երիտասարդական թիմում խնդիրներ կային, Ավանեսյանը միացել էր Մ21 թիմին: Կենտրոնական կիսապաշտպանի դիրքում խնդիրներ կան ազգային հավաքականում: Հայաստանում շատ քիչ են այդ դիրքում հանդես եկող ֆուտբոլիստները: Ժամանակին կենտրոնական կիսապաշտպանի դիրքում խաղացել են Սոլոմոն Ուդոն, Վբեյմար Անգուլոն: Ցանկալի է, որ այժմ այդ դիրքում խաղան հայ ֆուտբոլիստներ:
Սերգեյ Մուրադյանի հետ մեծ հույսեր եմ կապում: Հազվադեպ են հայկական ֆուտբոլում հանդիպում Մուրադյանի նման բարձրահասակ ֆուտբոլիստներ: Դեռևս աշնանը նա մարզվում էր Հայաստանի հավաքականում, կամաց-կամաց նրան մոտեցնում եմ ազգային թիմին»,- նշել է ուկրաինացի մասնագետը:
Չեխիա - Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Պրահայի «Լետնա» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին տնային ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին:


