Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ղազախստանի դեմ ընկերական հանդիպման նախախաղային ասուլիսում անդրադարձել է գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանին, որը հրաժարվել էր այս հավաքին միանալ ազգային թիմին՝ նշելով, որ ակումբի կազմում պետք է պատրաստվի նոր մրցաշրջանին, հաղորդում է FastNews-ի թղթակիցը։
«Դա լուրջ հարց է։ Ես այդ հարցին ուշադրություն եմ դարձրել ոչ մեկ անգամ, զրուցել եմ ֆուտբոլիստների հետ։ Դա շատ բացասական հարց է։ Նման բան շատ չեմ տեսել, որ մարդկանց պետք է համոզել հավաքականին միանալու համար։ Ես հրավիրել եմ նրան, նրա հետ զրուցել է նաև հավաքականի ավագը։ Դրանից առաջ ևս եղել են զրույցներ։ Նա նեղացել է, ինչպես ինձ են ասել։ Ես Ադամյանին հրավիրել էի հունիսյան խաղերին, և նա ասել էր, որ պետք է ներկա լինի կնոջ ծննդաբերությանը։ Այդ պատճառով նա այդ ժամանակ էլ չմիացավ թիմին։ Երբ մենք սեպտեմբերին խաղում էինք Թուրքիայի դեմ, նա նեղացել էր, որ դաշտ դուրս չէր եկել մեկնարկային կազմում։
Երևի, այստեղ դեր է խաղում այն, որ Հայաստանից դուրս ծնված խաղացողները չունեն նույնպիսի հայրենասիրություն ու ոգի։ Հայրենասիրությունը հսկայական դեր ունի։ Ես տեսնում եմ, որ Հայաստանից դուրս ծնված շատ խաղացողների մոտ նվիրվածությունն այն չէ, թեև վարպետության առումով հարցեր չկան։ Ինձ դուր չի գալիս, որ ոմանք չեն երգում երկրի օրհներգը։ Երիտասարդներին ասել եմ, որ ով չգիտի հիմնը, նրանց այլևս չեմ կանչի հավաքական»,- նշել է ուկրաինացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20։00-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։
Ալեքսանդր Պետրակով․ «Սլովենիայից կրած պարտությունն ուներ օբյեկտիվ պատճառներ»