Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Խորվաթիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի շրջանակում կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ հաջողության հասնելուն կարող են օգնել երկրպագուները, ֆուտբոլիստների մոտիվացիան, կարգապահությունը, նվիրումն ու առաջադրանքների ճիշտ կատարումը:
«Բոլորն աշխատում են, որ հավաքականը պատրաստ լինի վաղվա խաղին: Մեզ կարող են շատ օգնել երկրպագուները, ֆուտբոլիստների մոտիվացիան, կարգապահությունը, նվիրումն ու առաջադրանքների ճիշտ կատարումը:
Բարսեղյանի վնասվածքի մասին չենք իմացել մինչև նրա ժամանումը, իսկ նրա փոխարեն այլ խաղացող չհայտավորեցի, քանի որ արդեն իսկ հարձակողական ոճի 7 ֆուտբոլիստ էի ընդգրկել կազմում:
Շաղոյանին չհրավիրելու պատճառն այն է, որ նա ակումբում խաղում է, բայց գոլեր չի խփում, իսկ հավաքականի հարձակման գծում հիմա մեծ մրցակցություն կա: Անցել են այն ժամանակները, երբ ֆուտբոլիստներ էին հրավիրվում՝ անկախ նրանից՝ խաղո՞ւմ են, թե՞ ոչ, կամ ինչ մարզավիճակում են: Բայց մենք շարունակում ենք հետևել ինչպես նրա, այնպես էլ բոլոր ֆուտբոլիստների խաղին: Առաջընթացի դեպքում հավաքականի դռները միշտ բաց են նրա համար:
Կարծում եմ՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում առաջընթաց կա: Ճիշտն ասած՝ շատ զարմացած եմ, որ Երևանն այսքան գեղեցիկ քաղաք է: Այն օրն էլ նախագահին ասացի, որ մի բան չի հերիքում, ու խոսքը վերաբերում է 5-աստղանի մարզադաշտին: Մեծ թվով մարդիկ ցանկանում են գալ՝ խաղը դիտելու, բայց այդպիսի մարզադաշտ դեռևս չկա: Շատ կարևոր է նաև, որ հայ ներդրողները ներդրումներ կատարեն մանկապատանեկան ֆուտբոլում: Անկեղծորեն կարծում եմ՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղացող ֆուտբոլիստների շրջանում առայժմ այնքան էլ արժանի ֆուտբոլիստներ չկան, որոնք մինչև այժմ չեն հրավիրվել Հայաստանի հավաքական:
Հարոյանի բացակայության պայմաններում տակտիկական առումով ոչինչ չի փոխվի, բայց նա մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ ու անձնավորություն է: Նա երեկ մեզ հետ մարզվել է, ընթրել: Այսօր նա կրկին կլինի մեզ հետ ու կմարզվի: Ինչ վերաբերում է Բիչախչյանին, այո՛, ձեռքի խնդիր ունի: Հնարավոր է՝ հատուկ ֆիքսող սարքով խաղադաշտ դուրս գա:
Ես բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղով ու նրանց՝ աշխատանքի հանդեպ ունեցած մոտեցումով»,- ասել է Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսին:
Հարցին, թե Հարոյանի բացակայության պայմաններում վաղը ո՛վ է լինելու թիմի ավագը, նա պատասխանել է՝ «վաղը կտեսնեք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն աշխարհի 2022թ. առաջնության բորոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին կընդունի սեպտեմբերի 11-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։