Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ թիմի հաջորդ գլխավոր մարզիչը լինի Մաուրիսիո Պոչետինոն, հաղորդում է TyC Sports-ը:
51-ամյա արգենտինացի մասնագետը Կառլո Անչելոտիին փոխարինելու ամենահավանական թեկնածուն է: Իտալացի մասնագետը, ըստ ամենայնի, ամռանը կհեռանա «Արքայական ակումբից» ու կստանձնի Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը:
Մադրիդյան գրանդի ղեկավարության շրջանում, սակայն, հաջորդ գլխավոր մարզչի հարցում տարակարծություն կա. ղեկավարության մեծ մասը ցանկանում է, որ թիմը գլխավորի ակումբի լեգենդ Ռաուլը, որն այժմ մարզում է «Կաստիլյան»՝ «Ռեալի» երկրորդ թիմը:
Այս հարցում վերջնական որոշում պետք է կայացնի Ֆլորենտինո Պերեսը, և հենց դրա համար էլ Մաուրիսիո Պոչետինոյի տարբերակն ամենահավանականն է:
Պոչետինոյի վերջին աշխատավայրը եղել է ֆրանսիական ՊՍԺ-ն, որտեղից հեռացել է 2022 թվականի հուլիսին: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև «Էսպանյոլը», անգլիական «Սաութհեմփթոնն» ու «Տոտենհեմը»: Լոնդոնյան ակումբի ղեկին արգենտինացին անցկացրել է 293 խաղ, տարել 160 հաղթանակ, կրել 73 պարտություն, 60 հանդիպում ավարտել ոչ-ոքի: Պոչետինոն մարզչական կարիերայի ընթացքում նվաճել է 3 տիտղոս, 3-ն էլ՝ ՊՍԺ-ի ղեկին (Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր):