Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան համեմատել է Իտալիայի Ա Սերիան և Անգլիայի Պրեմիեր լիգան:
«Ա Սերիան միշտ եղել է ամենադժվար առաջնություններից մեկը: Ա Սերիայի և Պրեմիեր լիգայի միջև տարբերությունը տնտեսական ուժն է, բայց ֆուտբոլային առումով Իտալիան, անկախ ամեն ինչից, մնում է լավագույններից մեկն աշխարհում:
«Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև տարբերությունը մեծ չէ, թոփ ակումբը մնում է թոփ ակումբ։ «Յուվենտուսը» միշտ լավագույնն է եղել Իտալիայում»,- հայտնել է Պոգբան GQ-ի հետ հարցազրույցում։
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո հուլիսի 11-ին ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել էր «Յուվենտուս»: Ֆրանսիացին թուրինյան թիմում խաղացել էր նաև 2012-2016 թվականներին: Վնասվածքից ապաքինվող Պոգբան ընթացիկ մրցաշրջանում հանդիպման չի մասնակցել։