Չեխիայի հավաքականի հարձակվող Պաատրիկ Շիկը, Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում գրավելով վրացիների դարպասը, աշխարհամասի առաջնությունների գոլերի քանակը հասցրել է 6-ի:
Opta-ի տվյալներով՝ Գերմանիայի չեմպիոն Լևերկուզենի «Բայերի» հարձակվողը Եվրոպայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցել է ֆրանսիացի Զինեդին Զիդանին, իսպանացի Ֆերնանդո Տորեսին, լեհ Ռոբերտ Լևանդովսկիին, գերմանացիներ Մարիո Գոմեսին և Յուրգեն Կլինսմանին, Հարավսլավիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սավո Միլոշևիչին, որոնք խփել են 5-ական գոլ:
28-ամյա Շիկը հավասարվել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Նունու Գոմեշը (Պորտուգալիա), Թիերի Անրին (Ֆրանսիա), Ռոմելու Լուկակուն (Բելգիա), Ալվարո Մորատան (Իսպանիա), Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա), Ուեյն Ռունին (Անգլիա), Պատրիկ Կլյույվերտը և Ռուդ վան Նիստելրոյը (երկուսն էլ՝ Նիդերլանդներ):
Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա ավագ Կրիշտիանու Ռոնալդուն է (14 գոլ):
Հիշեցնենք, որ Չեխիայի և Վրաստանի հավաքականները 1-1 հաշիվն էին գրանցել: Տուրի մյուս խաղում Պորտուգալիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել էր Թուրքիային:
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած հավաքականը 6 միավորով ապահովել է առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր: Թուրքերը երեք միավորով երկրորդն են, վրացիները և չեխերը մեկական միավոր ունեն:
F խմբում վերջին տուրում Պորտուգալիան կմրցի Վրաստանի դեմ, Թուրքիան՝ Չեխիայի: Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 26-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ դուրս կգան նաև 6 խմբերում երրորդ տեղը գրաված հավաքականներից լավագույն արդյունքը գրանցած չորս ազգային թիմերը:


