Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանի՝ «Օսիեկի» հետ կնքած պայմանագիրը կգործի մինչև 2026 թվականը: 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով էր անցկացրել խորվաթական ակումբում:
Ձմռանը Ժիրայր Շաղոյանը և Արթուր Սերոբյանն արտասահմանյան ակումբներից վերադարձան Հայաստան: Չնայած Մկրտչյանն էլ ունի խաղային պրակտիկայի խնդիր, «Օսիեկում» նրա հետ երկարաժամկետ ծրագրեր են կապում: Այդ ակումբը, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, 500 հազար եվրո է վճարել «Արարատ-Արմենիային» տրանսֆերի ձեռքբերման համար: Նման ակումբները հենց այնպես գումարներ չեն ծախսում:
Ինչո՞ւ է քիչ խաղում «Օսիեկում»
Ստյոպային միանգամից վստահեցին նոր թիմում, ինչի շնորհիվ մեկնարկային կազմում 5 խաղ անցկացրեց Խորվաթիայի առաջնությունում, 4-ը՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում: Թիմը պաշտպանվելիս խնդիրներ ուներ, շուտով հեռացավ նաև գլխավոր մարզիչը: Մարզչական ղեկը ստանձնած Զորան Զեկիչը, որը 2015-2019թթ․ ևս գլխավորել էր «Օսիեկը», նույն վստահությունը չցուցաբերեց երիտասարդ պաշտպանի նկատմամբ:

Կային նաև օբյեկտիվ հանգամանքներ: Մրցաշրջանի սկզբից մի փոքր անց շարք վերադարձավ փորձառու կենտրոնական պաշտպան Սլավկո Բրալիչը, «Օսիեկը» նաև վարձակալական պայմանագրեր ստորագրեց նույն դիրքի ֆուտբոլիստներ Անդրե Դուարտեի ու Յովան Մանևի հետ: Զեկիչը մրցաշրջանի առաջին հատվածում հիմնական շեշտը դնում էր հենց այս 3 ֆուտբոլիստների վրա: Մկրտչյանն առաջնությունում սեպտեմբերից ի վեր չի եղել մեկնարկային կազմում, փոխարինման է մտել ընդամենը 3 խաղում: Զեկիչն իրար հաջորդած 3-4 հանդիպումներում փոխեց սխեման ու սկսեց օգտագործել 3 կենտրոնական պաշտպանով դասավորություն: Մկրտչյանը նույնիսկ այդ պայմաններում չէր հայտնվում հիմնական կազմում, թեպետ կենտրոնական պաշտպաններից միակ ձախլիկն էր, ու կարող էր գործել որպես ձախ կենտրոնական: Հայ ֆուտբոլիստին չօգնեց նաև այն, որ նման սխեմայով խաղալու զգալի փորձ էր կուտակել ինչպես ԲԿՄԱ-ում, այնպես էլ՝ Հայաստանի հավաքականում հանդես գալիս:
«Օսիեկի»՝ 2024-ին անցկացրած 4 հանդիպումներում էլ Մկրտչյանը խաղաժամանակ չի ստացել: Սա՝ այն դեպքում, երբ Ստյոպայի մրցակիցներից Մանևը, որը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստ է, վարձավճարի ժամկետի ավարտից հետո վերադարձել է «Ադանա Դեմիրսփոր»: Նշված 4 խաղերից 2-ում պատրաստ չի եղել հանդես գալու նաև Բրալիչը: Գլխավոր մարզիչը նույնիսկ այդ պայմաններում նախընտրել է որպես 2-րդ կենտրոնական պաշտպան օգտագործել ոչ թե հայ խաղացողին, այլ այդ գոտի իջեցնել նոմինալ կենտրոնական կիսապաշտպան Պետար Բրլեկին:
«Օսիեկն» առաջնությունում այս պահին 4-րդն է և եվրագավաթային 3-րդ տեղը զբաղեցնող Զագրեբի «Դինամոյին» զիջում է 10 միավորով: «Օսիեկը» նախորդ 3 տարիներին մշտապես լավագույն եռյակում է եղել, վերջին 6 տարիներին էլ պարտադիր մասնակցել կա՛մ Եվրոպա լիգայի, կա՛մ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլերին: Նոր գլխավոր մարզչի օրոք թիմի ելույթները տպավորիչ չեն, «Օսիեկը» շատ անկայուն է, թեպետ վերջերս ոչ-ոքի խաղաց չեմպիոնության հավակնորդներից «Հայդուկի» հետ: Այդուհանդերձ, մարզչի ապագան կարծես հարցականի տակ չէ, քանի որ նրան վստահություն է հայտնել նորանշանակ մարզական տնօրեն Ժոզե Բոտոն:

Հանրահայտ մարզական տնօրեն և հաջող գործարքների փորձ
Մկրտչյանի տեղափոխությունից կարճ ժամանակ անց «Օսիեկից» հեռացավ երկարամյա մարզական տնօրենն ու հունվարին նշանակվեց Բոտոն: Պորտուգալացին 8 տարի եղել է «Բենֆիկայի» գլխավոր սկաուտը, 3,5 տարի էլ գլխավորել է Դոնեցկի «Շախտյորի» սկաուտական բաժինը: Նա մինչև 2023 թվականի հուլիսը հունական ՊԱՕԿ-ի մարզական տնօրենն էր: Այսինքն, նա աշխատել է այնպիսի ակումբներում, որոնք հայտնի են նախևառաջ ֆուտբոլիստների տրանսֆերների շատ եկամտաբեր վաճառքով: Բոտոյի «թեթև ձեռքով» են «Բենֆիկայում» հայտնվել Անխել Դի Մարիան, Դավիդ Լուիսը, Յան Օբլակը, Էդերսոնը և այլք։
Հենց Բոտոյի օրոք էլ լիարժեք պայմանագիր ստորագրվեց Մկրտչյանի հետ: Հայ խաղացողը հայտարարել է, որ ամռանը, «Օսիեկից» զատ, առաջարկներ է ունեցել նաև 2-րդ Բունդեսլիգայի ակումբներից ու Կիպրոսի չեմպիոն «Արիսից», բայց ընտրել է Խորվաթիան: «Օսիեկի» վերջին հաջող գործարքը հենց կենտրոնական պաշտպանի տեղափոխություն էր: Ադրիան Լեոն Բարիշիչը 2023-ի ամռանը 3 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բազել»: Նույն գումարի դիմաց հարձակվող Դիոն Բելյոն մեկ տարի առաջ «Օսիեկից» ճանապարհ բռնեց Բունդեսլիգա՝ «Աուգսբուրգ»: 2021-ին էլ ձևակերպվեց պաշտպան Իգոր Սիլվայի՝ 2,5 մլն եվրո գնահատված տեղափոխությունը Լիգա 1՝ «Լորյան»:
Բոտոն արդեն հայտարարել է, որ մեծ ուշադրություն է դարձվելու «Օսիեկի» ակադեմիայի սաներին: Այս ակումբին հաջողվում է համատեղել և՛ արդյունքների համար պայքարելը, և՛ երիտասարդներին հնարավորություն տալը: 21-ամյա Մկրտչյանն «Օսիեկի» առաջին թիմի ամենաերիտասարդ լեգեոնականն է: Ի դեպ, նա այս պահին միակն է, որ ակումբից կայունաբար հրավիրվում է որևէ երկրի ազգային հավաքական:

Հիշարժան է Վարդան Բիչախչյանի հայտարարությունը, երբ նա «Արարատ-Արմենիայում» մարզում էր Մկրտչյանին: Վերջինս այնտեղ էլ սկզբում շատ էր խաղում, հետո կարևոր պահի սխալվեց «Ուրարտուի» դեմ մրցավեճում ու մի քանի հանդիպում բաց թողեց:
«Ստյոպան շատ լավ մարդ ու ֆուտբոլիստ է, բայց մի քանի խաղ բաց թողնելը պատիժ է նրա համար: Նա, ի տարբերություն ԲԿՄԱ-ի, «Արարատ-Արմենիայում» ամեն օր ապացուցելու բան ունի: Եթե Ստյոպային դիտարկում ենք որպես հավաքականի համար հեռանկարային խաղացողի, ու նաև ֆուտբոլիստի, ով կարող է հետագայում խաղալ արտերկրում, այստեղի մրցակցությունը նրա համար շատ կարևոր է լինելու: Նա էլ, հետագայում դառնալով լեգեոնական, պիտի տեղի տղաներին մի քանի անգամ գերազանցի: Եվ որպեսզի նա ապագայում հոգեբանական խնդիրների չբախվի, պետք է նույն մրցակցությունը հաղթահարի Հայաստանում»,- պատճառաբանեց Բիչախչյանը:
«Պատժելը» ճիշտ մոտեցում է, թե՝ ոչ, հարցի մյուս կողմն է: Փաստն այն է, որ հիմա էլ «Օսիեկում» է բարդ շրջան հայ խաղացողի համար, և այստեղ մնում է միայն պայքարել, ԲԿՄԱ վերադառնալու տարբերակ չկա, ինչից նա 2 անգամ օգտվեց «Արարատ-Արմենիայում» խաղալիս․․․
Ի՞նչ է պահանջվում հայ ֆուտբոլիստից
Մկրտչյանի առջև փայլուն շանս է: «Օսիեկը» ներդրում է կատարել հայ խաղացողի համար ու սպասելու է նրա առաջընթացին: Շատ կարևոր է, որ Ստյոպան անընդհատ ավելացնում է իր միջազգային փորձը, քանի որ Հայաստանի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Դրանում մեծ է Ալեքսանդր Պետրակովի դերը: Մկրտչյանը Եվրո-2024-ի ընտրական փուլում լավ խաղեր է անցկացրել, բայց որոշ հանդիպումներում էլ սխալներով է աչքի ընկել: Մարզիչը չի վախենում պատասխանատվությունից, ու կրկին շանս է տալիս պաշտպանին: Նա 190սմ հասակ ունի, ուժեղ է երկրորդ հարկում: Պետք է առանձին դրվագներում ավելի կենտրոնացած ու զգոն խաղա, դա էլ գուցե կարգավորվի փորձ հավաքելու հետ մեկտեղ:

Ստյոպային օգնեց հավաքականում 3 կենտրոնական պաշտպանով սխեմայի կիրառումը: Նա ձախլիկ կենտրոնական պաշտպան է, դա նշելը կարևոր է, որովհետև այսօր հատկապես թոփ-թիմերի համար մեծ նշանակություն ունի, որ կենտրոնական պաշտպաններից գոնե մեկը ձախլիկ լինի, կարողանա որակյալ առաջին փոխանցումով գրոհ սկսել: Հայաստանում այդ դիրքում կադրերի պակաս կա, էլ չասած՝ ձախլիկ կենտրոնական պաշտպանների: Հավաքականում այդ դիրքում Մկրտչյանը միակ ձախլիկն է, Հայաստանի Պրեմիեր լիգայից էլ այդ տեղին կարող է հավակնել միայն «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, որի լավագույն հատկանիշը հենց գերազանց առաջին փոխանցումով իր թիմի գրոհներին սկիզբ դնելն է:
«Օսիեկի» մարզչի համար ևս կարևոր է պաշտպանի՝ գրոհ սկսելու հմտություն ունենալը: Հայ ֆուտբոլիստը հատկապես միջին և հեռու տարածությունների լավ փոխանցումներով առանձնանում էր Հայաստան - Լատվիա խաղում: Այդուհանդերձ, Ստյոպան մրցակցի բարձր պրեսինգին հանդիպելիս հաճախ է խնդիրների բախվում: Այսօրվա ֆուտբոլում ձախլիկ կենտրոնական պաշտպան լինելը և լավ «առաջին փոխանցում» ունենալը կարող է զգալիորեն բարձրացնել ֆուտբոլիստի արժեքը: Օրինակ՝ աշխարհի ամենաթանկ կենտրոնական պաշտպանը հենց նմանատիպ տվյալներով օժտված Յոշկո Գվարդիոլն է, որի համար «Մանչեսթեր Սիթին» «Լայպցիգին» 90 մլն եվրո է վճարել: Նույն տրամաբանությամբ աշխատում են նաև մյուս հզոր ակումբները:

Հայ ֆուտբոլիստներին հաճախ հոգեբանությունն ու խաղադաշտից դուրս խնդիրներն են խանգարում: Մկրտչյանը կարիերայում որոշ «լոկալ» հաջողություններից հետո երկրպագուհիների մեծ խումբ է ձեռք բերել, որոնք շատ ակտիվ են սոցցանցերում: Նման երևույթ միշտ չէ, որ պատահում է հենց հայաստանցի ֆուտբոլիստների հետ: Այստեղ արդեն շատ կարևոր է ֆուտբոլիստին շրջապատող մարդկանց մոտեցումը, նրանք չպետք է թույլ տան, որ երիտասարդ խաղացողին նման արտաքին միջամտությունը շեղի ճիշտ ճանապարհից: Հայաստանում, ցավոք, շատ ֆուտբոլիստներ կան, որոնք նմանատիպ դառը փորձով կարող էին կիսվել Մկրտչյանի հետ: Իսկ լավ փորձով կարող է կիսվել լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը երկար ժամանակ է՝ արտասահմանում է, ու կայուն աճ է գրանցում: Նա շատ է դժվարություններ ունեցել, բայց հաղթահարել է:
Մկրտչյանը մեկ տարի առաջ փորձաշրջանի էր մեկնել «Նիժնի Նովգորոդ», ռուսական ակումբում հավանել էին նրա խաղը: Հայ ֆուտբոլիստի վնասվածքն ընդհատեց փորձաշրջանը, և տեղափոխություն չկայացավ: Կես տարի անց հայտնվեց «Օսիեկի» տարբերակը: Ստյոպան իրեն վստահած ակումբին հուսախաբ անելու իրավունք չունի:


