Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իսրայելի առաջին թիմի հետ:
Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տարավ Արսեն Դավթյանը՝ պարտության մատնելով Էյթան Ռոզենին: Էմին Օհանյանն ու Էրիկ Չաքրյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Յահլի Սոկոլովսկու և Գայ Լևինի հետ: Ռոբերտ Փիլիպոսյանը պարտվեց Յուվալ Յանիվին:
5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով երկրորդ տեղում է՝ լրացուցիչ գործակիցներով առաջատարի դիրքը զիջելով լեհ շախմատիստներին: 7-ական միավորով առաջատարներին հետապնդում են Գերմանիայի հավաքականն ու Իսրայելի առաջին թիմը:
Հուլիսի 29-ին կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի լեհ շախմատիստների հետ:


