Fastex ՀՊԼ-ի 25-րդ տուրում «Վանի» դարպասը Մուսա Փոլ Բակայոկոյի խփած գոլը 27-րդն էր «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում: Իվուարցի ֆուտբոլիստը դարձավ «Շիրակի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը՝ մեկ գնդակով գերազանցելով թիմի նախկին հարձակվող, իր հայրենակից Ժան Ժակ Բուգուհիի ռեկորդային ցուցանիշը:
Մուսա Փոլ Բակայոկոն 2,5 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է «Շիրակ», որից հեռացել էր 2019/20թթ. առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո՝ տեղափոխվելով Իրան: Ընթացիկ առաջնությունում Բակայոկոն 5 գնդակով «Շիրակի» լավագույն ռմբարկուն է:
Իվուարցի ֆուտբոլիստը «Շիրակում» հայտնվեց 2017թ. գարնանը՝ նորամուտը նշելով մարտի 18-ին «Գանձասար-Կապանի» հետ կայացած առաջնության խաղում: Հանդիպման 79-րդ րոպեին Վարդան Բիչախչյանը 20-ամյա ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս բերեց Արտյոմ Միքայելյանի փոխարեն: Խաղավերջում «Շիրակի» նորեկը գրավեց Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը (1-2):
Հետաքրքիր է, որ 2016/17թթ. առաջնությունում խփած 2-րդ գոլն էլ գրանցվել էր «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում:
Արդեն հաջորդ մրցաշրջանում Բակայոկոն դարձավ «Շիրակի» հարձակման գլխավոր ուժը: Առաջնության 28 հանդիպումներում խփած 7 գոլով նա ճանաչվեց թիմի լավագույն ռմբարկու:
«Շիրակի» համար անհաջող դասավորված 2018/19թթ. առաջնությունում էլ Բակայոկոն Արամ Մուրադյանի հետ 4 գնդակով ամենաարդյունավետն էր թիմում: Հաջորդ առաջնության 12 հանդիպումներում Բակայոկոյի հաշվին 3 գոլ գրանցվեց:
Ընդհանուր առմամբ` Բակայոկոն Fastex ՀՊԼ-ում «Շիրակի» կազմում անցկացրած 97 հանդիպումներում 21 գոլ է խփել: 5 անգամ նա աչքի է ընկել Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունում, մեկ գոլ էլ նրա հաշվին գրանցվել է Սուպերգավաթի խաղում:
Ի դեպ, Բակայոկոն նաև «Շիրակում» առավել շատ հանդիպումներ անցկացրած լեգեոնականն է: Ընթացիկ առաջնությունում նա գերազանցեց Սոլոմոն Իմե Ուդոյի ցուցանիշը, որը Fastex ՀՊԼ-ում «Շիրակի» կազմում 90 խաղի էր մասնակցել:
VNews-ը ներկայացնում է պաշտոնական մրցումներում «Շիրակի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակը:
Ֆուտբոլիստներ |
Ա |
Գ |
Ս |
Ե |
ԸՆԴ |
1.Մուսա Փոլ Բակայոկո |
21 |
5 |
1 |
- |
27 |
2.Ժան Ժակ Բուգուհի |
23 |
- |
- |
3 |
26 |
3.Լամին Լի Յորո |
22 |
1 |
- |
1 |
24 |
4.Մորի Կոնե |
23 |
- |
- |
- |
23 |
5.Ֆոֆանա Բեկո |
15 |
- |
- |
3 |
18 |
6.Դամե Դիոպ |
12 |
5 |
- |
1 |
18 |
7.Սերժ Դեբլե |
15 |
- |
1 |
1 |
17 |
8.Դրիսա Դիարասուբա |
11 |
- |
- |
- |
11 |
9.Սոլոմոն Իմե Ուդո |
8 |
1 |
- |
- |
9 |
10.Իգոր Ստանոևիչ |
8 |
- |
- |
- |
8 |