Logo

«Նա չի կարող Հայաստանը ներկայացնել միջազգային ասպարեզում». Փաշիկ Ալավերդյանը՝ Գոռ Մինասյանի մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:48 / 13.07.2022• Հարցազրույցներ
Բացառիկ
Փաշիկ Ալավերդյան-Գոռ Մինասյան

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկանկի ու Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը ելույթները կշարունակի այլ երկրի դրոշի ներքո։

Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հուլիսի 13-ին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ 27-ամյա Մինասյանն ընդունել է Բահրեյնի ֆեդերացիայի առաջարկը և առաջիկա վարկանիշային մրցաշարերում փորձելու է 2024 թվականի Օլիմպիական խաղերում այդ երկիրը ներկայացնելու իրավունք ստանալ։

Հանրային հնչեղություն ստացած այդ թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար VNews-ը զրուցել է Փաշիկ Ալավերդյանի հետ։

Հարցին, թե Մինասյանն արդեն կնքե՞լ է պայմանագիր արաբական այդ երկրի ֆեդերացիայի հետ և ի՞նչ պայմաններով է ելույթ ունենալու արտերկրում, Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց. «Պայմանագիրը ձեր ինչի՞ն է պետք։ Հասկացե՛ք, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մրցակարգի պահանջներից ելնելով՝ նա չի կարող Հայաստանը ներկայացնել միջազգային ասպարեզում։

Խնդիրն այն է, որ ներկայումս գերծանր քաշային կարգում ունենք միջազգային կարգի երեք ծանրորդ, որոնցից միայն երկուսն իրավունք ունեն միաժամանակ մասնակցելու աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։ Իսկ Օլիմպիական խաղերում վարկանիշ ունեցող յուրաքանչյուր երկիր կարող է միայն մեկ մարզիկի հայտավորել մեկ քաշային կարգում։

Ստացվում է, որ մեր հրաշալի եռյակից մեկը զրկվելու է կարևոր մրցումներին մասնակցելու հնարավորությունից։ Իհարկե, կարող էի արգելել և այդպիսով խաչ քաշել մարզիկներից մեկի կարիերային, բայց դա արդարացի չի լինի։ Այդ պատճառով համաձայնեցինք Գոռի տեղափոխությանը։

Կարող եմ հավաստիացնել միայն, որ Հայաստանը ներկայացնելու են ուժեղագույն ծանրորդները։ Մինասյանի տեղափոխության հարցը 100 տոկոսով պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ նա տվյալ երկրի դրոշի ներքո մասնակցի աշխարհի առաջնությանը»։

Անդրադառնալով ԱՄՆ-ում անցկացված միջազգային մրցաշարին Հայաստանի մասնակցությանը՝ Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ դա ընդամենը ցուցադրական մրցում էր։

«Մեր մարզիկները ելույթ ունեցան առանց ուժերի գերլարման, քանի որ տվյալ դեպքում դրա կարիքը չկար։ Նրանց և մյուս մասնակիցների միջև արդյունքների տարբերությունը չափազանց մեծ էր»,- ասաց նա։

Հայաստանի հավաքականը մարզումները կվերսկսի հուլիսի 25-ից՝ Աբովյանում անցկացնելով տարեվերջին Կոլումբիայում նախատեսված աշխարհի առաջնության նախապատրաստական առաջին հավաքը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ