Logo

Փաշիկ Ալավերդյանը պատմել է, թե ինչ աշխատանք է կատարելու Բահրեյնի հավաքականում

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:55 / 19.10.2022Ծանրամարտ
Բացառիկ
null

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դարձել է Բահրեյնի ազգային թիմի խորհրդական։ Այդ մասին փորձառու մասնագետը հայտնեց VNews-ի թղթակցի հետ զրույցում:

«Այս պահի դրությամբ որոշված է, որ Բահրեյնի հավաքականում կատարելու եմ միայն խորհրդատուի գործառույթներ։ Ավելի ճիշտ՝ արդեն կատարում եմ, քանի որ այդ կարգավիճակում եմ ներկա եղել օրեր առաջ հենց Բահրեյնի մայրաքաղաքում անցկացված Ասիայի առաջնությանը։ Միայն մրցումների ժամանակ եմ մեկնելու այդ երկիր, քանի որ այնտեղ մարզվելու պայմաններ չկան։ Այդպես է վարվելու նաև այսուհետ Բահրեյնը ներկայացնող գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը, որն, ինչպես գիտեք, այս առաջնությունում առաջին մեդալները նվաճեց արաբական այդ երկրի դրոշի ներքո»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը, որը նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է:

Մարզիչի խոսքով՝ խորհրդական լինելն, ըստ էության, խանգարող հանգամանք չէ Հայաստանի հավաքականում աշխատանքը շարունակելու համար։

«Մարզիչը կարող է անգամ 10 երկրի հավաքականի խորհրդական լինել՝ դա չի խանգարում։ Խորհրդականի աշխատանքը ժամանակատար չէ։ Դա նաև չի առաջացնի շահերի բախում, քանի որ Բահրեյնի թիմը ներկայումս լուրջ մրցակից չէ Հայաստանի հավաքականի համար»,- ասաց նա։

Փաշիկ Ալավերդյանը հայտնեց, որ Բահրեյնի թիմին խորհուրդներ է տալու վճարովի հիմունքներով, իսկ վարձատրության չափը կախված է լինելու աշխատանքին հատկացված ժամանակից և արդյունքից՝ ամրագրված աշխատավարձ չի սահմանվել։ Համագործակցության որևէ պայմանագիր նույնպես չի կնքվել։

Մարզիչը և օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականին դարձյալ կմիանան դեկտեմբերի սկզբին կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ։ Իսկ հաջորդ տարի այդ երկիր են մեկնելու մայիսին՝ Ասիայի առաջնության օրերին։ Մինչև այդ գյումրեցի 27-ամյա ծանրորդը շարունակելու է մարզվել Հայաստանում։

Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր աշխատանքը շարունակելու վերաբերյալ, հնարավոր է, որոշում կայացվի վաղը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում։ 

Գոռ Մինասյանը՝ Ասիայի չեմպիոն ու ռեկորդակիր (ֆոտո)
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ