«Ֆուտբոլը պետք է ուրախություն պարգևի և ոգեշնչի երեխաներին: Մենք կյանքեր չենք փրկում, այս խաղը պետք է ավելի բարձր նպատակ ունենա, քան եկամուտը կամ տիտղոսները»։
Համաշխարհային պատմությունը հարուստ է նվաճողներով, որոնք ոչինչ և ոչ մեկին չեն խնայել իշխանություն և փառք ձեռք բերելու համար, բայց նվաճել սիրով քչերին է հաջողվել:
Նա իր արշավանքը սկսեց փոքրիկ Շվարցվալդից, հասավ ֆուտբոլի հայրենիք, տաքացրեց անգլիացիների սառը սրտերը և հեռացավ՝ բոլորին թողնելով ֆիրմային ժպիտը:
80-ականներին Յուրգեն Կլոպն ապրում էր ֆուտբոլով, առանց մտածելու ապագայի մասին: Նրա կյանքը փոխվեց առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո: 20-ամյա երիտասարդը հասկացավ, թե ինչ է նշանակում ընտանեկան հոգսը:
Կլոպը ֆուտբոլ էր խաղում սիրողական մակարդակով: Երիտասարդ հայրիկն արթնանում էր առավոտյան 6-ին, շտապում էր աշխատանքի, ցերեկը վազում էր համալսարան, իսկ դասերից հետո միանում էր դպրոցական թիմին:
Աշխատանքը ֆիլմերի տեսավարձույթների պահեստում էր: Բեռնակիր Յուրգենն ամեն առավոտ բեռնատարից իջեցնում էր մետաղյա ծանր արկղերը և դասավորում էր տեսաժապավենները: Այդպես նա դարձավ կինոման: Կլոպի սիրած հերոսը Ռոկի Բալբոան էր, գերմանացին տպավորված էր Սիլվեստեր Ստալոնեի կերպարի կամային որակներով:
Կյանքի դժվարությունները ճաշակած տղան շարունակում էր երազել ֆուտբոլի մասին, երազանքներից մեկն էլ Անգլիայում ֆուտբոլային հանդիպում դիտելն էր: Ոչ մեծ եկամուտն արգելք չէր ռոմանտիկ շիկահերի համար:
«Ես չէի կարող ինձ թույլ տալ ֆուտբոլի տոմս գնել, այդ պատճառով էլ որոշեցի ավելի քիչ գումարով ճանապարհորդել գնացքներով»
Ճանապարհորդությունը տևեց 4 շաբաթ: Հենց այդ ժամանակ Յուրգենը որոշեց, որ անպայման ապրելու է Անգլիայում: Մեկ ամիս շարունակ Կլոպն անվճար ապրում էր հոսթելներում, փոխարենը մաքրում էր համարները, իսկ տնտեսած փոքրիկ գումարով միայն նախաճաշում էր: Մարդկանց հետ շփվելու ցանկությունը ստիպեց սիրել նաև օտար լեզուն, որը նա բավականին արագ յուրացրեց:
«Կյանքն ինձ տարբեր տեղեր էր շպրտում, ես հաճախ էի փոխում աշխատանքս: Բայց ինչ էլ անում էի, անում էի սրտով, չէ որ երիտասարդ հայր էի և պետք է անեի այն, ինչ պարտավոր էի»։
Հետագայում Կլոպոն բյուջետային հոսթելները փոխեց շքեղ հյուրանոցներով, սակայն մնաց նույն հասարակ տղան, որը մինչև օրս գնահատում է կյանքն ու մարդկանց:
1990-ի ամռանը Յուրգենը հրավեր է ստանում «Մայնցից»: Գերմանական համեստ ակումբում նա անցկացնում է 11 տարի: Այդ ընթացքում ավարտում է համալսարանը, հարձակվողից վերածվում է պաշտպանի, նվաճում է երկրպագուների սերը, իսկ 2001-ին նշանակվում է գլխավոր մարզիչ: Այդպես է սկսվում մեր ժամանակների ամենաժողովրդական, ամենախարիզմատիկ և ամենաէմոցիոնալ մարզչի պատմությունը:
Կլոպը երբեք չի սիրել մեկ դերասանով թատրոնը, երբեք չի սեփականաշնորհել փառքի դափնիները, իսկ պարտվելիս շարունակել է ժպտալ: Յուրգենը նոր շունչ տվեց ֆուտբոլին: Նա տակտիկական հեղափոխություն չարեց, բայց հաղթեց լավագույններին: Տեսավարձույթների պահեստի բանվորի կյանքը նման էր իր սիրած հերոս Ռոկիի անցած ճանապարհին:
Գերմանացին մինչև օրս տարեկան աշխատավարձի մեկ տոկոսը նվիրաբերում է «Ընդհանուր նպատակ» շարժմանը, որն օգնում է մանկապատանեկան ֆուտբոլով զբաղվող աշխարհի տարբեր ֆուտբոլային կազմակերպություններին:
«Բախտը ժպտացել է մեզ, բայց մենք պետք է չմոռանանք, թե որտեղից ենք սկսել: Այն փուչիկը, որտեղ ապրում ենք, իրական աշխարհը չէ: Այն, ինչ կատարվում է դաշտում, իսկական խնդիրը չէ, այս խաղն ավելի բարձր նպատակ պետք է ունենա: Եթե բոլորս մեր աշխատավարձի մեկ տոկոսն ուղղենք բարեգործությանը, ապա աշխարհն ավելի լավը կդառնա»։
20-ամյա տղան կատարեց խոստումը: Վերադարձավ Անգլիա, ապրեց և ստիպեց ապրել շատերին, հեռանալիս կարդաց հասարակ երկրպագուների նամակները, կիսեց նրանց ուրախությունն ու ցավը, արտասվեց և խոստացավ կրկին վերադառնալ:
«Երբ հեռանամ, չեմ ցանկանում, որ մարդիկ միայն ուրախանան այն բանի համար, որ այստեղ եմ եղել: Ես ուզում եմ այնպես անել, որպեսզի նրանք շարունակեն քաղել իմ աշխատանքի պտուղները»։