Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» նորեկ, 32-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վերհիշել է Ռուսաստանում և Ամստերդամի «Այաքսում» անցկացրած տարիները:
«Այն ամբողջ ժամանակը, որը ես անցկացրել եմ Ռուսաստանում, շատ լավն էր: «Սպարտակում» երբեմն դժվար էր, քանի որ սա ակումբ է, որտեղ արդյունքը շատ կարևոր է։ Մենք երկրորդ տեղում էինք, իսկ հետո նահանջեցինք: Երբ շրջադարձ է լինում, դժվար է:
Ես լավ ժամանակ եմ ունեցել նաև «Այաքսում»: 15 տարի անցկացրել եմ այդ ակումբում, «Այաքսն» իմ տունն է։ Բայց ինձ միշտ դուր է եկել Ռուսաստանը, լավ ժամանակներ էին»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը հոլանդական «Այաքսի» սան է, ակումբի համակարգում էր 1998-2012 թվականներին: «Այաքսի» գլխավոր թիմում նա խաղացել էր 2010-2012 թվականներին: Կիսապաշտպանը Ռուսաստանում խաղացել էր 2012-2016 թվականներին՝ մեկ տարի պաշտպանելով Կրասնոդարի «Կուբանի» մարզական պատիվը, երեք տարի՝ Մոսկվայի «Սպարտակի»: Նա այս ձմռանն էր հեռացել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկից» ու միացել «Ուրարտուին»: