Անգլիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Մայքլ Օուենը կարծում է, որ ոչ Լամին Յամալն է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, ոչ էլ Ուսման Դեմբելեն կամ Մոհամեդ Սալահը, գրում է GiveMeSport-ը:
«Ռիո Ֆերդինանդը ներկայացնում է» փոդքաստում «Լիվերպուլի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը հայտարարել է. «Պարտադիր չէ, որ «Ոսկե գնդակը» ստանա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»: Ըստ անգլիացու՝ լավագույնն աշխարհում Կիլիան Մբապեն է, որը գերազանցում է և՛ Յամալին, և՛ Դեմբելեին, և՛ Սալահին:
«Ես կարծում եմ՝ Կիլիան Մբապեն բացարձակապես լավագույնն է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Պարտադիր չէ, որ լավագույն խաղացողը հաղթի «Ոսկե գնդակը»: Իհարկե, չես կարող լինել վատ խաղացող ու ստանալ «Ոսկե գնդակ»: Բայց կարծում եմ՝ եղել են դեպքեր, որ մրցանակին արժանացել է աշխարհի 8-րդ լավագույն ֆուտբոլիստը:
Կարծում եմ՝ «Ոսկե գնդակ» հաղթելու համար պետք է լինել էլիտար խաղացողներից մեկը, բայց պարտադիր չէ լինել լավագույնը:
Մրցանակը հաղթելու համար հարկավոր է ունենալ լավ մրցաշրջան, լինել լավագույններից մեկը, իսկ ձեր թիմը պետք է լինի հաջողակ»,- ասել է 2001 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Մայքլ Օուենը:
2025 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Փարիզի «Շատլե» թատրոնում և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև՝


