Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» 3-4 հաշվով արտագնա պարտություն կրեց «Ֆիլադելֆիա Ֆլայերսից»:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3-3 հաշվով: Օվերթայմում դարպասի գրավում չարձանագրվեց: Թիմերը հաղթողին պարզեցին հետխաղային բուլիտներով, ավելի դիպուկ գտնվեցին «Ֆիլադելֆիայի» հոկեյիստները:
«Վաշինգտոն Քեփիթալզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը 11-րդ խաղն անընդմեջ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Սա NHL-ում ռուս հարձակվողի առանց գոլի ամենաերկար հանդիպումների շարքն է: Օվեչկինի նախորդ վատագույն շարքը բաղկացած էր 10-ը խաղից, որը գրանցվել է 2017 թվականի փետրվարի 22-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Օվեչկինը NHL-ում անցկացրած 18 մրցաշրջանների ընթացքում մրցակիցների դարպասը նետել է 827 տափօղակ և լիգայի պատմության լավագույն գոլահարների մեջ երկրորդ տեղում է։ Առաջատար Ուեյն Գրեցկիի ակտիվում կա 894 տափօղակ։