«Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, հեթ-տրիկի հեղինակ դառնալով Չարենցավանի «Վանի» դեմ խաղում (5-0), Հայաստանի առաջնությունում գոլերի թիվը հասցրել է 50-ը։
30-ամյա ֆուտբոլիստը 23-րդ գոլն է խփել երևանյան ակումբի կազմում։ Դա նրա առաջին հեթ-տրիկն էր «Փյունիկում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Օտուբանջոն խփել է 6 գոլ և մեկ գոլ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Լևան Կուտալիային («Ալաշկերտ»)։ Նախորդ մրցաշրջանում նա դարձել էր լավագույն ռմբարկու՝ մրցանակը կիսելով «Փյունիկից» ռումինական «Կլուժ» տեղափոխված Լուկա Յուրիչիչի հետ։ Հայաստանում նիգերիացին խաղացել է նաև «Արարատ-Արմենիայի» կազմում։