Ի՞նչ է վիտրաժը
Ապակենկար, զարդապատկերային կամ սյուժետային դեկորատիվ կոմպոզիցիա (պատուհանի և դռան բացվածքում, միջնորմի վրա՝ ուրույն պաննոյի տեսքով) ապակուց կամ լուսաթափանցիկ այլ նյութից։ Շինարարական պրակտիկայում վիտրաժ են անվանում շենքերի, ամբողջովին կամ մեծ մասամբ ապակեպատ ճակատները։ Պատուհանի բացվածքները ծածկող գունավոր վիտրաժները լույսի հարուստ գունախաղ են ստեղծում և էապես նպաստում ինտերիերի ձևավորմանը:
ժամանակակից վիտրաժները կազմում են ապակու կտորներից և ամրանավորում կապարե, պողպատե կամ պլաստմասսայից ժապավենով։ Կիրառվում է անգույն և գունավոր ապակի:
Պատմական ակնարկ
Ըստ գտնված գունավոր ապակիների, ենթադրվում է, որ պարզագույն վիտրաժներ գոյություն են ունեցել Հին Եգիպտոսում (մ․ թ․ ա․ II հազարամյակից) և Հին Հռոմում (մ․ թ․ I դարից)։ 10—12-րդ դարերում Ֆրանսիայի և Գերմանիայի ռոմանական տաճարներում ի հայտ են եկել պատկերի ուրվագծով կտրված և կապարե շերտերով ամրացված գունավոր (կարմիր և կապույտ) ապակուց սյուժետային վիտրաժներ։ Վիտրաժի միջով ներթափանցող գունավոր լույսը տաճարի մթնոլորտը դարձրել է խորհրդավոր։ Այդ տպավորությունն առանձնապես զգալի է դարձել գոթական տաճարներում, որտեղ տեղադրված վիտրաժների պատրաստման տեխնիկան մնացել է նույնը, սակայն գունավոր ապակիների ավելի հարուստ հավաքածուով, ավելի բարդ սյուժեներով։ Կրոնական տեսարանների կողքին տեղ են գտել արհեստավորների աշխատանքին նվիրված կենցաղային պատկերներ։ 14—15 դարեր վիտրաժի արվեստը զարգացել է Անգլիայում, ինչպես և Շվեյցարիայում, Իտալիայում, Լեհաստանում։ Վերածննդի դարաշրջանում վիտրրաժի էսքիզներ են կատարել մեծ արվեստագետները (Դոնատելլոն, Ա․ Դյուրերը և ուրիշներ), որպես երփնագիր՝ ապակու վրա։ Բարոկկոյի և կլասիցիզմի դարաշրջաններում վիտրաժը համարյա բոլորովին անհետացել է։ 19-րդ դարի 2-րդ կեսին Գոթիկոյի նկատմամբ հետաքրքրությունը վիտրաժի արվեստը վերածնելու փորձեր է առաջացրել, սակայն առանց լուրջ գեղարվեստական ձեռքբերումների։ Ինտերիերի ընդգծված հուզական արտահայտչականության ձգտումով են ստեղծվել «մոդեռնի» շրջանի վիտրաժները։ Վիտրաժի նկատմամբ նոր մոտեցում են ցուցաբերել 20-րդ դարի արվեստագետները (Ֆ․ Լեժե, Ա․ Սատիս), որոնք, իրենց կոմպոզիցիաները ներդնելով ինտերիերի հարդարման միասնական համակարգի մեջ, դրանց հատկացրել են սուր ռիթմով, հագեցված գույնով հիմնական շեշտերի դեր։ 1950-ական թվականների կեսերից տարածում են գտել Վիտրաժամիջնորմներն ու Վիտրաժապաննոները: