Ի՞նչ է շոկ-արթ
Արվեստագիտական եզր, որը բնորոշում է ժամանակակից արվեստի առանձնահատուկ ուղղությունը` ձևավորված 1960-ական թվականների սկզբին։ Այս ուղղության շրջանակներում նկարիչները փորձել են ստեղծել արվեստի գործեր, որոնք գեղարվեստական անսովոր նյութերի կիրառման հաշվին արտահայտման պրովոկացիոն ձևերով կամ գաղտնի իմաստներով պետք է ցնցեն հանդիսատեսին:
Այս ուղղությունը սահմանափակումներ չունի գեղարվեստական մեթոդի առումով, ոճով կամ ժանրով, սակայն ամենից հաճախ արվեստի ցնցող գործեր են ներկայացնում ինստալյացիան, փերֆորմանսը, ավելի հազվադեպ` գեղանկարչությունն ու քանդակագործությունը։
Շոկ-արթի կողմնակիցները պնդում են, որ այս ձևը հասարակութան պահանջարկն է, իսկ քննադատները մերժում են այն` որպես մշակութային աղտեղություն։ Այսպիսով, արվեստի այս տեսակի շուրջ բանավեճերը դեռ շարունակվում են։ Արվեստագետներից մեկը 2001 թվականին շոկ-արթն անվանել է «արվեստի ամենաանվտանգ տեսակը, որով նկարիչը այսօր կարող է մտնել արվեստի բիզնեսի մեջ»:
Չնայած այն բանին, որ շոկային արվեստը կարող է գրավել թանգարանային գործիչներին և հայտնվել թերթերի առաջին էջերում, 2007 թվականին The Art Newspaper ամսագրում հայտնվել է այն տեսակետը, որ ավանդական արվեստի ցուցադրությունները նախկինի պես մեծ ճանաչում են վայելում:
Պատմական ակնարկ
Այն ժամանակ, երբ շարժումն ավելի ու ավելի լայն տարածում է գտնում, շոկային արվեստի արմատները հասնում են արվեստի պատմության խորքերին։ Այսպես, Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի հոգաբարձու Նորման Ռոզենթալը շոկային արվեստի` 1997 թվականին կայացած Sensation ցուցահանդեսի կատալոգում նշել է, որ նկարիչները «միշտ զբաղվել են այնպիսի տարածությունների նվաճմամբ, որոնք միշտ տաբու են ունեցել»: Չինաստանում, որտեղ շոկային արվեստի ակտիվ շարժում է սկսվել, 1989 թվականին Տյանանյմեն հրապարակի ցույցերից հետո տաբուի նկատմամբ ոտնձգությունները մշակույթի նախարարությանը ստիպել են արվեստի անհարմար ձևերի ճնշման փորձեր անել:
1998 թվականին The Independent Ջոն Վինձորը նշել է, որ «Բրիտանացի երիտասարդ նկարիչների» աշխատանքները ձանձրալի են թվում 1970-ական թվականների «շոկային արվեստի» ներկայացուցիչների գործերի համեմատությամբ, սակայն վերջիններիս արվեստն անցել է, իսկ «Բրիտանացի երիտասարդ նկարիչների» աշխատանքներն ընդմիշտ մտել է պատմության մեջ:
2008 թվականին ԱՄՆ-ում դատարանին է փոխանցվել դատական գործ, որը պետք է որոշեր, թե արդյոք Այրա Այզեքսի ֆետիշային ֆիլմերը շոկային արվեստի օրինակնե՞ր են, ինչպես պնդում է ինքը ռեժիսորը, թե՞ անօրինական անպարկեշտություն

