Ի՞նչ է նեոռենեսանսը
19-րդ դարում տարածում գտած նոր ոճի պայմանական անվանում։ Ոճի հիմքը կազմում է իտալական Վերածննդի ճարտարապետությունը. այստեղից էլ ծագել է անվանումը: Ի տարբերություն 16-րդ դարի հռոմեական կլասիցիզմի՝ 17-րդ դարի կլասիցիզմը և 18-րդ դարի նեոկլասիցիզմը շինությունների կոմպոզիցիայում, ինտերիերի, կահույքի ձևավորման մեջ, դեկորատիվ-կիրառական արվեստում էկլեկտիկայի միջոցով միավորում էր Հյուսիսային Վերածննդի արվեստի (Ֆլանդրիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Անգլիա) գոթական մոտիվները, ֆրանսիական Վերածննդի և գերմանական բարոկկոյի ձևերը:
Արևմտյան Եվրոպայում նեոռենեսանսի ճարտարապետական ոճը տարբեր ձևեր է ստացել՝ կախված միջնադարյան ու Վերածննդի արվեստի տեղական ավանդույթներից։ Սովորաբար առանձնացնում են երկու ուղղություն, որոնք պայմանակնորեն կոչվում են իտալական և գերմանական։ Առաջինին առավել բնորոշ են համաչափությունը, ռացիոնալ համամասնությունները, որմնասյուներով օրդերները, ռուստիկան, կամարակապ և վենետիկյան պատուհանները։ Գերմանական ուղղությանը բնորոշ են ուղղահայացությունը (ի տարբերություն իտալական հորիզոնականության), աշտարակները, շինությունների անկյունաձև ելուստները, ունելիքի տեսքով բարձր տանիքները, էրկերները։ Գունային երանգավորումը բնորոշվում է կարմիր աղյուսի և սպիտակ քարի համադրմամբ, որը հաճախ սպիտակ գծեր է առաջացրել. այն կոչվել է «որձաքարի շերտ» (հոլ.՝ speklagen):
Պատմական ակնարկ
Նեոռենեսանս ուղղությունը հիմնադրվել է Ֆրանսիայում։ Այն կապում են ռոմանտիզմի գաղափարախոսության, մասնավորապես Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1831) գրքի հետ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել այսպես կոչված «տրուբադուրների ոճի» նկատմամբ։ Այս ոճով ձևավորված ինտերիերի ոճը սկսել են անվանել ֆրանսիական նեոռենեսանս։ Այդպիսի ինտերիերում նեոգոթական կահույքը տեղադրել են Հենրի IV-ի և Լյուդովիկոս ХIII-ի ռենեսանսային ոճի աշխատասենյակներում։ Գերմանիայում այս ոճը սկսել են անվանել հին գերմանական (գերմ.՝ Altdeutsch):
Անգլիայում Վերածննդի ազատ վերահառնումը (Free Renaissance revivals) անվանել են վիկտորյանական ոճի զարգացման վերջին փուլ (1870-1900)։ Ավստրիայում նեոբարոկկո ոճի ծանր ու կոպիտ կահույքն անվանել են «վիեննական վերածննդի» ոճի։ Արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացումը 19-րդ դարի կեսերին թույլ է տվել մեծացնել դեկորատիվ-կիրառական արվեստի ամենատարբեր ոճերի գործերի քանակը՝ օգտագործելով տարբեր նյութեր և մշակման եղանակներ։ Այդպիսի գործերը հաճախ անվանել են նեոռենեսանս ոճի։ Եթե նեոկլասիցիզմի ճարտարապետության մեջ 18-րդ դարի երկրորդ կեսի վարպետները վերցնում էին այս կամ այն ճարտարապետի նշանավոր գործ, օրինակ՝ Պալադիոն, ապա 19-րդ դարի երկրորդ կեսին ստեղծվում էր Վերածննդի ճարտարապետության ընդհանրացված կերպար, ինչը հանգեցնում էր ոճերի միախառնման։

