Ռուսաստանի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմայի» նախկին պաշտպան Օմարի Տետրաձեն ռուսական ֆուտբոլի խնդիրների մասին խոսելիս անդրադարձել է նաև Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանին։
«Արդյո՞ք ունենք եվրոպական մակարդակի անհատականություններ։ Եթե Հայաստանն ունի Մխիթարյան, որն իր ակումբի առաջատարն է, ապա ո՞ւմ ունի Ռուսաստանի հավաքականը։
Գոլովինը՝ այո, ժամանակին նա տեղափոխվեց, երբ «Մոնակոն» ուներ ռուս սեփականատեր։ Նա հարգանքի է արժանի, լավ ու աշխատասեր ֆուտբոլիստ է։ Սակայն, Մխիթարյանի մասին խոսում են Եվրոպայում, իսկ ռուսների մասին՝ ոչ մի խոսք»,- Տետրաձեի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր «Ռոմայից» ու 2 տարվա պայմանագիր կնքել «Ինտերի» հետ։ Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, դարձել 5 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում 33-ամյա Մխիթարյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), ուկրաինական «Մետալուրգում» (2009-2010) ու «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018) և «Արսենալում» (2018-2020)։


