«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա իտալական ակումբից։
Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրել է, որ 37-ամյա ֆուտբոլիստը փոխհամաձայնության է եկել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Լոս Անջելեսի» հետ։ Կողմերը կկնքեն պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի դեկտեմբեր։
Ամերիկյան ակումբը նախորդ տարվա հոկտեմբերից հետաքրքրված է Ժիրուի ծառայություններով և վերջերս պաշտոնական առաջարկ է կատարել ֆուտբոլիստին։ «Լոս Անջելեսի» կազմում է հանդես գալիս նաև Ֆրանսիայի հավաքականում Ժիրուի նախկին թիմակից, 37-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը։
Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի պայմանագիրը միլանյան գրանդի հետ ավարտվելու է հունիսին, և նա նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում: Ընթացիկ մրցաշրջանում Օլիվյե Ժիրուն «Միլանի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:


