Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Իսպանիայի թիմի նկատմամբ և առնվազն ապահովեց երկրորդ տեղը։
Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգևեց Գաբրիել Սարգսյանը, որն առաջին խաղատախտակի վրա սպիտակ խաղաքարերով ուժեղ գտնվեց Ալեքսեյ Շիրովից։
Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները։
Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց 19 միավորով և ընթացիկ առաջատարն է։ Վերջին տուրի բոլոր մրցամարտերը դեռ չեն ավարտվել։ 17 միավոր ունեցող Ուզբեկստանի հավաքականը դեռ մրցում է Նիդերլանդների թիմի հետ։ Ավարտվել է 3 պարտիա, հաշիվը հավասար է։ Հաղթանակի դեպքում Ուզբեկստանի հավաքականը կարող է լրացուցչ ցուցանիշներով շրջանցել հայ շախմատիստներին։
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Ադրբեջանին (3-1), Մադագասկարին (4-0), Անդորրային (3-1), Եգիպտոսին (2,5-1,5), Ավստրիային (3-1), Անգլիային (2,5-1,5), Հնդկաստանի 2-րդ (2,5-1,5) և 1-ին (2,5-1,5) թիմերին, ոչ-ոքի էր խաղացել ամերիկացիների հետ (2-2) ու պարտվել Ուզբեկստանին (1-3):


