Մյունխենի «Բավարիայի» և Խորվաթիայի հավաքականի նախկին հարձակվող Իվիցա Օլիչը կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաջողությամբ կարող է խաղալ եվրոպական գրանդ ակումբում:
«Կարծում եմ՝ Սպերցյանը կկարողանա խաղալ «Ռեալի» կամ «Մանչեսթեր Սիթիի» պես թիմերում: Նա փորձառու և որակյալ խաղացող է, արդեն մի քանի տարի ելույթ է ունենում ՌՊԼ-ում՝ տարբերություն ստեղծելով խաղադաշտում: Հավաքականում նույնպես հիանալի խաղեր է անցկացրել, ինչո՞ւ ոչ։ Վստահ եմ՝ կարող է տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ»,- Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչի խոսքը փոխանցում է Metaratings-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից: Transfermarkt-ը 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:
Ավարտված մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել էր 41 խաղի, խփել 14 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում: Ավելի վաղ նա 12 գոլային փոխանցմամբ ճանաչվել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան: Հայ ֆուտբոլիստը նաև ընդգրկվել էր ՌՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում՝ երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով։