Առաջնության 16-րդ տուրում «Նորավանքի» հետ խաղում էլ գոլ բաց չթողնելով, «Ալաշկերտի» 32-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակը հասցրեց 328-ի և գերազանցեց «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած այլազգի դարպասապահներից առավել երկար՝ 324 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:
Օգնյեն Չանչարևիչը տարիքային 2-րդ ռեկորդը սահմանեց: Նրան է պատկանում նաև 29 տարեկան այլազգի դարպասապահների տարիքային ռեկորդը, որը սահմանել էր 2018/19թթ.՝ դարպասն անառիկ պահելով 594 րոպե շարունակ: Իսկ յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկի» նախկին դարպասապահ Ապուլա Բետեն է, որը տարիքային 3 ռեկորդների հեղինակ է:
Սերբ դարպասապահը ՀՀ առաջնություններում «Ալաշկերտի» դարպասը սկսել է պաշտպանել 2017/18թթ. առաջնության գարնանային հատվածից՝ նորամուտը նշելով 2018թ. փետրվարի 28-ին Երևանում «Շիրակի» հետ կայացած առաջնության խաղում: «Ալաշկերտում» իր առաջին մրցաշրջանում Չանչարևիչը 13 հանդիպումներում նույնքան գոլ բաց թողեց, 5 անգամ դարպասը պահեց անառիկ:
Սերբ դարպասապահի համար առայժմ լավագույնը 2018/19թթ. առաջնությունն էր, որի 27 հանդիպումներում 21 գոլ էր բաց թողել, 12 անգամ դարպասն անառիկ էր պահել: Ընդհանուր առմամբ Օգնյեն Չանչարևիչը VBET ՀՊԼ-ում 91 խաղ է անցկացրել, որոնցում 82 գոլ է բաց թողել, 34 անգամ դարպասը պահել է անառիկ:
Նշենք, որ անցկացրած խաղերի քանակով Չանչարևիչն «Ալաշկերտում» հանդես եկած ամենափորձառու լեգեոնականն է: Իսկ դարպասն անառիկ պահած խաղերի քանակով նա եզրափակում է այլազգի դարպասապահների լավագույն հնգյակը: Այդ ցանկը գլխավորում է «Ուրարտուի» դարպասապահ Անատոլի Այվազովը, որը ՀՀ առաջնություններում 46 անգամ է դարպասը «չոր» պահել:
Ընդհանրապես ընթացիկ առաջնությունում այլազգի դարպասապահներն աչքի են ընկնում հուսալի խաղով, ուստի պատահական չէ, որ նրանցից 4-ին հաջողվել է բարելավել տարիքային ռեկորդները: Առաջինը «Սևանի» պորտուգալացի 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոն էր, որը գերազանցել էր Անատոլի Այվազովի տարիքային ռեկորդը: Վերջինս 2016թ. 20 տարեկանում պաշտպանելով «Շիրակի» դարպասը, 259 րոպե շարունակ առաջնությունում գոլ բաց չէր թողել: Իսկ Ֆիգերեդոն ռեկորդի նոր նշաձող սահմանեց՝ դարպասն անառիկ պահելով 569 րոպե շարունակ:
«Փյունիկի» 31-ամյա դարպասապահ Ստանիսլավ Բուչնևն էլ գերազանցեց «Բանանցի» նախկին դարպասապահ Նենադ Ռադաջայի ռեկորդը՝ 439 րոպե շարունակ դարպասն անառիկ պահելով: Ռադաջան 2007թ. առաջնությունում գոլ բաց չէր թողել 433 րոպե շարունակ:
Աչքի ընկավ նաև ընթացիկ առաջնության ամենատարեց ֆուտբոլիստ, «Վանի» 37-ամյա դարպասապահ Նիկոլայ Ցիգանը, որին հաջողվեց 184 րոպե շարունակ դարպասը «չոր» պահել: Նա գերազանցեց «Միկայի» նախկին դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլու ռեկորդային ցուցանիշը, որը 2010թ. առաջնությունում այդ տարիքում 84 րոպե դարպասն անառիկ էր պահել:
VNews.am-ը ներկայացնում է դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով այլազգի դարպասապահների տարիքային ռեկորդները:
Տարիք | Դարպասապահ | Ակումբ | Րոպե | Ժամանակահատված |
16 | Ապուլա Բետե | «Փյունիկ» | 110 | 10.07-15.11.2002 |
17 | Ապուլա Բետե | «Փյունիկ» | 446 | 27.10-22.11.2003 |
18 | Անատոլի Այվազով | «Փյունիկ» | 327 | 18.10-18.11.2014 |
19 | Ապուլա Բետե | «Փյունիկ» | 434 | 16.06-06.07.2005 |
20 | Դիոգո Ֆիգերեդո | «Սևան» | 569 | 13.08.-15.10.2021 |
21 | Վասիլի Կուզնեցով | «Երևան» | 466 | 17.03-13.06.1999 |
22 | Անատոլի Այվազով | «Շիրակ» | 496 | 10.03-14.04.2018 |
23 | Վսևոլոդ Երմակով | «Շիրակ» | 441 | 31.08-05.10.2019 |
24 | Զլատան Ադրովիչ | «Փյունիկ» | 330 | 05.05.-23.05.2007 |
25 | Ալեքսանդր Կոնով | «Լոռի» | 350 | 22.08-22.09.2018 |
26 | Սաուլյուս Կլևինսկաս | «Միկա» | 532 | 02.04-15.05.2010 |
27 | Անդրիա Դրագոևիչ | «Փյունիկ» | 379 | 07.10-25.11.2018 |
28 | Լևան Բուբուտեիշվիլի | «Գանձասար» | 472 | 22.05-23.07.2011 |
29 | Օգնյեն Չանչարևիչ | «Ալաշկերտ» | 594 | 30.09-28.11.2018 |
30 | Վլադիմիր Մալկով | «Ուլիս» | 530 | 17.04-06.06.2010 |
31 | Ստանիսլավ Բուչնև | «Փյունիկ» | 439 | 24.08-15.10.2021 |
32 | Օգնյեն Չանչարևիչ | «Ալաշկերտ» | 328 | 15.10-04.12.2021 |
35 | Դավիթ Յուրչենկո | «Ալաշկերտ» | 274 | 28.02-22.05.2021 |
36 | Սոսո Գրիշիկաշվիլի | «Միկա» | 292 | 13.05-13.06.2009 |
37 | Նիկոլայ Ցիգան | «Վան» | 184 | 22.09-26.10.2021 |