Logo

Օգնյեն Չանչարևիչը գերազանցեց 30-ամյա վաղեմության տարիքային ռեկորդը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:00 / 30.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ խաղում «Ալաշկերտի» 33-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը 2022թ. օրացուցային տարում Բարձրագույն խմբում 14-րդ անգամ դարպասն անառիկ պահեց և տարիքային նոր ռեկորդ սահմանեց: Նա գերազանցեց  Աշտարակի «Քասախի» նախկին դարպասապահ Բագրատ Ստեփանյանի 30-ամյա վաղեմության տարիքային ռեկորդը: Վերջինս 1992թ. Հայաստանի անդրանիկ առաջնությունում 33 տարեկանում դարպասը 13 անգամ անառիկ էր պահել:

Ընթացիկ առաջնությունում Չանչարևիչը 7-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Սերբ դարպասապահը 7 «չոր» խաղ էլ անցկացրել էր այս տարվա գարնանը՝ նախորդ առաջնության գարնանային հատվածում:

Օգնյեն Չանչարևիչը տարիքային 2-րդ ռեկորդը սահմանեց: Նրան է պատկանում նաև 29 տարեկան դարպասապահների տարիքային ռեկորդը, որը սահմանել էր 2018թ.՝ դարպասն անառիկ պահելով 15 խաղում: 

Սերբ դարպասապահը Հայաստանի առաջնություններում «Ալաշկերտի» դարպասը սկսել է պաշտպանել 2017-18թթ. առաջնության գարնանային հատվածից՝ նորամուտը նշելով 2018թ. փետրվարի 28-ին Երևանում «Շիրակի» հետ կայացած առաջնության խաղում (0-1): «Ալաշկերտում» իր առաջին մրցաշրջանում Չանչարևիչը 13 հանդիպումներում նույնքան գոլ բաց թողեց, 5 անգամ դարպասը պահեց անառիկ:

Սերբ դարպասապահի համար առայժմ լավագույնը 2018-19թթ. առաջնությունն էր, որի 27 հանդիպումներում 21 գոլ էր բաց թողել, 12 անգամ դարպասն անառիկ էր պահել: Ընդհանուր առմամբ Օգնյեն Չանչարևիչը Fastex ՀՊԼ-ում 123 խաղ է անցկացրել, որոնցում 115 գոլ է բաց թողել, 49 անգամ դարպասը պահել է անառիկ:

Անցկացրած խաղերի քանակով Չանչարևիչն «Ալաշկերտում» խաղացած ամենափորձառու լեգեոնականն է: Իսկ դարպասն անառիկ պահած խաղերի քանակով նա այլազգի դարպասապահներից զիջում է միայն Վսևոլոդ Երմակովին, որը 51 խաղում գոլ բաց չի թողել:

Ընթացիկ առաջնությունում տարիքային ռեկորդ կարող է սահմանել նաև «Փյունիկի» 36-ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոն: Նա այս տարվա ընթացքում կայացած առաջնության հանդիպումներում արդեն 10 անգամ դարպասն անառիկ է պահել (8-ը՝ նախորդ առաջնության գարնանային հատվածում, 2-ն՝ ընթացիկ առաջնությունում): Եթե նրան հաջողվի մինչև տարեվերջ ևս 2 «չոր» խաղ անցկացնել, ապա կգերազանցի  «Գանձասար-Կապանի» նախկին դարպասապահ Էդիկ Երիցյանի տարիքային ռեկորդը: Վերջինս 2007թ. առաջնության 11 խաղում դարպասն անառիկ է պահել:

VNews-ը ներկայացնում է առաջնությունում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով դարպասապահների տարիքային ռեկորդները:

Տարիք Դարպասապահ Ակումբ Անառիկ
16 Հայկ Դանիելյան «Բանանց» 4
17 Աբուլա Բետե «Փյունիկ» 12
18 Աբուլա Բետե «Փյունիկ» 8
19 Արսեն Բեգլարյան «Գանձասար» 9
20 Անատոլի Այվազով «Փյունիկ», «Շիրակ» 12
21 Արսեն Բեգլարյան «Գանձասար», «Ուլիս» 10
22 Գրիգոր Մելիքսեթյան «Փյունիկ» 14
23 Հարություն Աբրահամյան  «Արարատ» 13
24 Արթուր Հովհաննիսյան «Շիրակ» 21
25 Լևան Բուբուտեիշվիլի «Գանձասար» 13
26 Վալերիո Վիմերկատի «Նոա», «Ար.-Արմ.» 15
27 Գարեգին Նաջարյան «Բանանց» 14
28 Լևան Բուբուտեիշվիլի «Գանձասար» 17
29 Օգնյեն Չանչարևիչ «Ալաշկերտ»

15

30 Հարություն Աբրահամյան «Արարատ» 17
31 Ռայմոնդ Զադուրյան
Վլադիմիր Մալկով
 
«Շիրակ»
«Ուլիս»
14
14
32 Հարություն Աբրահամյան «Արաքս» 12
33 Օգնյեն Չանչարևիչ «Ալաշկերտ» 14
34 Արմեն Ավագյան «Փյունիկ» 15
35 Գևորգ Կասպարով «Միկա», «Ալաշկերտ» 13
36 Էդիկ Երիցյան «Գանձասար» 11
37 Արմեն Ավագյան «Էրեբունի»   6
38 Գևորգ Կասպարով «Գանձասար-Կապան» 5
39 Գևորգ Կասպարով  «Գանձասար-Կապան» 6
40 Ռոբերտ Պալյան  «Կանազ» 6
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ