Logo

Նովակ Ջոկովիչը` US Open-ի քառակի հաղթող

09:50 / 11.09.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ռեկորդային՝ 24-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում սերբ թենիսիստը երեք սեթում առավելության հասավ երրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ։ Հանդիպումը տևեց 3 ժամ 17 րոպե և ավարտվեց 6-3, 7-6, 6-3 հաշվով։

Հաղթանակից հետո Նովակը հարգեց ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հիշատակը՝ հագնելով նրան նվիրված մարզաշապիկ։

36-ամյա Ջոկովիչը կարիերայում չորրորդ անգամ հաղթեց US Open-ում՝ կրկնելով 2011, 2015, 2018 թվականների հաջողությունը։ Նա դարձավ US Open-ում հաղթած ամենատարեց թենիսիստը՝ գերազանցելով ավստրալացի Քեն Ռոզուոլի ռեկորդը (35 տարեկան)։

Այս հաղթանակի շնորհիվ սերբ թենիսիստը կստանա 3 միլիոն դոլար պարգևավճար, իսկ Դանիիլ Մեդվեդևը կսվաստակի 1,5 միլիոն։ Կարիերայի ընթացքում Ջոկովիչը վաստակել է 175,3 միլիոն դոլար։

Դանիիլ Մեդվեդևը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ունի մեկ տիտղոս՝ US Open-2021-ում, որի եզրափակիչում հաղթել էր հենց Ջոկովիչին։ Այս մրցաշարի կիսաեզրափակիչում ռուս թենիսիստն ուժեղ էր գտնվել իսպանացի Կառլոս Ալկարասից, որը չէր կարողացել պաշտպանել տիտղոսը։

Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նվաճած տիտղոսներով հավասարվեց ռեկորդակիր ավստրալուհի Մարգարետ Կորտին։ Նրանց հաջորդում են ամերիկուհի Սերենա Ուիլյամսը (23 տիտղոս), իսպանացի Ռաֆայել Նադալը (22), գերմանացի Շտեֆի Գրաֆը (22) և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (20)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա