Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն ATP Ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը ռեկորդային՝ 7-րդ անգամ նվաճելուց հետո պատմել է հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մասին։
«Դե ինչ, կարելի է հաղթել «Մեծ սաղավարտի» 4 մրցաշար ու օլիմպիական ոսկե մեդալ։ Ես միշտ ունեմ ամենաբարձր ամբիցիաներն ու նպատակները։ Հաջորդ տարի ոչինչ չի փոխվի։
Իմ ունեցած դրայվը դեռ այստեղ է։ Մարմինս շատ լավ է ծառայում ինձ։ Ունեմ հիանալի թիմ ու լավ մոտիվացիա, հատկապես՝ մեծ մրցաշարերում»,- սերբ թենիսիստի խոսքը մեջբերում է Reuters-ը։
36-ամյա Ջոկովիչը ռեկորդային՝ 400-րդ շաբաթն է անցկացնում ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղում։ Բացի այդ, նա ռեկորդային՝ 8-րդ անգամ տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի դիրքում։