Քիչ չեն եղել այն ֆուտբոլիստները, որոնք փայլել են մեկ մրցաշրջանում, բայց հետո չեն կարողացել պահպանել նույն տեմպը կամ արդյունավետությունը: Լուկա Յովիչ, Անդրեա Բելոտի, Քշիշտոֆ Պիոնտեկ... օրինակ՝ «Ռեալը» 60 միլիոն եվրո վճարեց Յովիչի համար, բայց սերբ հարձակվողը մադրիդյան թիմի կազմում 51 խաղում 3 գոլ խփեց:
Նախորդ մրցաշրջանում նմանատիպ «բում» արեց Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը՝ բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում խփելով 43 գոլ: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 26-ամյա հարձակվողի նկատմամբ, բնականաբար, կար որոշակի հետաքրքրվածություն, բայց, հաշվի առնելով վերոնշյալ ֆուտբոլիստների հետ կապված դառը փորձը, գրանդ ակումբները զսպվածություն ցուցաբերեցին ու գործուն քայլերի չանցան՝ որոշելով գոնե ևս մեկ մրցաշրջան էլ սպասել՝ համոզվելու, թե իրականում ինչ խաղամակարդակ ունի Դյոկերեշը: Իսկ շվեդ հարձակվողն արդեն հիմա ապացուցում է, որ one season wonder չէ:
Դեռ մեկ տարի առաջ ոչ ոք չէր հասկանում, թե ինչու «Սպորտինգը» Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Քովենթրի Սիթիին» 24 միլիոն եվրո վճարեց անհայտ հարձակվողի համար, բայց հենց նրա գոլերն օգնեցին լիսաբոնյան ակումբին դառնալ Պորտուգալիայի չեմպիոն: Առաջնությունում նա դարձավ 29 գոլի հեղինակ, ու միայն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնն էր, որ ավելի շատ գոլ էր խփել Եվրոպայում (36), ինչի շնորհիվ նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»: Բայց օրացուցային տարվա ընթացքում՝ 2024-ին, ոչ ոք չի գերազանցում Դյոկերեշի ցուցանիշը՝ 25 գոլ:
Այս մրցաշրջանի 4 խաղում նա արդեն 7 գոլ է խփել: Եվրոպական թոփ առաջնություններում միայն Էրլինգ Հոլանդն է, որը «դիմանում» է Դյոկերեշի ռիթմին. «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի գոլահարը նույնպես 7 գոլ է խփել: Ուսումնասիրելով շվեդ ռմբարկուի արդյունավետությունը՝ հասկանում ենք, որ նա խփել է «Սպորտինգի» գոլերի 44 տոկոսը: 2023թ․ սեպտեմբերից սկսած Վիկտոր Դյոկերեշը 8 անգամ ճանաչվել է Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմն արդեն միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Պորտուգալիայի առաջնությունում միայն մեկ թիմի՝ «Սանտա Կլարային» է հաջողվել ավելի շատ գոլ խփել (8), քան Դյոկերեշն է խփել։
«Նրան դեռ ժամանակ է անհրաժեշտ՝ լավագույն մարզավիճակին հասնելու համար: Նա ստիպում է մրցակիցներին խախտել կանոնները, պայքարում է յուրաքանչյուր գնդակի համար և ուղղորդում է թիմին՝ դեպի մրցակցի դարպասը: Խաղի որևէ հատվածում նա չի բավարարվում իր խփած գոլերով, միշտ ուզում է ավելի շատ խփել»,- նշում է Ամորիմը:
Հիանալի զույգ Իսակի հետ՝ Շվեդիայի հավաքականում
Մրցաշրջանը հոյակապ է մեկնարկել Դյոկերեշի համար նաև ազգային հավաքականում: Ազգերի լիգայի առաջին տուրում նա ոչ միայն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը, այլ նաև 2 գոլային փոխանցում կատարեց Ալեքսանդր Իսակին. առաջինը՝ տեղափոխվելով եզր ու այնտեղից գնդակն ուղարկելով «Նյուքասլի» հարձակվողին, երկրորդը՝ խորքից կատարած փոխանցումով դեպի ազատ տարածություն։
«Նրա ասիստներն իսկապես ֆանտաստիկ էին: Նա միշտ նայում է իմ ուղղությամբ, փորձում համագործակցել: Վիկտորը վստահելի թիմակից է»,- խոստովանում է Իսակը:
Նրանց գոլային հրավառությունը շարունակվեց արդեն երկրորդ տուրում՝ Էստոնիայի հավաքականի դեմ մրցավեճում: Դյոկերեշը դարձավ դուբլի հեղինակ՝ ցույց տալով գոլ խփելու բնազդն ու այն, որ տուգանային հրապարակում գիշատչի նման պատրաստ սպասում է ցանկացած անդրադարձի՝ գնդակը մրցակցի դարպասն ուղարկելու համար: Իսակն էլ աչքի ընկավ գոլով՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 3-0:
Շվեդիայի հավաքականը վերջին տարիներին ճգնաժամի մեջ է, բայց նոր ձևավորված՝ Իսակ - Դյոկերեշ հարձակման զույգը հույս է ներշնչում շվեդ երկրպագուներին: Հաշվի առնելով համագործակցությունն ու միմյանց լրացնելու որակները՝ այս զույգին կարելի է համեմատել Զլատան Իբրահիմովիչ - Հենրիկ Լարսոն զույգի հետ:
Գոլեր, որոնք արժեքը հասցնում են 100 միլիոնի
«Դեռ կարող եմ ավելին անել», - հայտարարեց Դյոկերեշը Էստոնիայի հավաքականի դեմ մրցավեճից հետո: Իհարկե՝ դժվար է պատկերացնել, որ դեռ հնարավոր է անել ավելին: 26-ամյա հարձակվողն ակումբում ու հավաքականում արդեն ներգրավվել է 15 գոլում, և սա դեռ սեպտեմբերի սկիզբն է: Ընդ որում՝ ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, Դյոկերեշն այլևս պարզապես գոլահար չէ: Նա այժմ նահանջում է, համագործակցում է թիմակիցների հետ, գոլային փոխանցումներ է կատարում, տարածություններ բացում թիմակիցների համար: Ավելի հասուն ու տակտիկապես ավելի «պիտանի» ֆուտբոլիստ:
Տրամաբանական է, որ նրա տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է: 2022-ի նոյեմբերին Դյոկերեշը հասանելի էր ընդամենը 5 միլիոն եվրոյի դիմաց: Այժմ հեղինակավոր Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային գինը գնահատում է 65 միլիոն եվրո, բայց «Սպորտինգը» 100 միլիոնից ցածր առաջարկները չի էլ դիտարկում. «Իհարկե, շատ եմ ցանկանում խաղալ ավելի բարձր մակարդակում, թոփ առաջնությունում, թոփ թիմում, բայց հրաժարագինս չափազանց բարձր է: Տեսնենք՝ ինչ կլինի հաջորդ տրասֆերային պատուհանի ընթացքում», - նշում է շվեդ ֆուտբոլիստը:
Այսպիսով՝ Եվրոպան կարող է դիմավորել 187 սանտիմետրանոց հսկային: Սկանդինավցի նոր գոլահարը շուտով կարող է համալրել թոփ ակումբներից մեկը, իսկ Էրլինգ Հոլանդն արդեն հիմա կարող է պատրաստվել. Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքով «Սպորտինգը» նոյեմբերի 6-ին ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին». Լիսաբոնում վիկինգների պայքար է լինելու: